Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՐԻ՛Ր, ԱՐՅՈԻՆՈ՛Վ ԳՐԻՐ…
1

Կառքը տափարակի վրա իջել՝ գնում էր մխրճվելու ծառազարդ գյուղերի շարքի մեջ։ Խճուղին փոշոտ, բարդիներով հովանավորված, պարզվում էր այգիների միջով։ Երկու կողմում խիտ տնկած ծառեր էին, լայն առվակներ և միմյանց միացած անծայր ցանկապատեր։ Աջ ու ձախ՝ խաղողի այգիները տարածվում էին անվերջ ու անընդհատ, ո՛չ մի բաց տարածություն. ամեն կողմ թփեր, կարճլիկ դեղձիներ, ապա՝ առու և ջուր, ուռենի և բարդի, կաթնագույն կանաչ տերևներով փշատենիներ, այլև ցանկապատերից դուրս կռացած խոշոր թթենիներ։

Ցուրտ էր։ Աշնանային պաղ քամի էր փչում ձյունոտ լեոներից։ Ծառերի տերևները թրատված կարծես՝ հուսահատ պտույտներ էին գործում օդի մեջ, ապա իրար վրա ընկնում՝ դեղնած ու թոշնած։ Ամայությունն էր սկսում․ ծառալից հարթության այնքան ահռելի և տխուր ամայությունը։ Արագիլների բներն արդեն դատարկ, ցնցոտիների նման, կախ էին ընկել բարդիներից, միայն ագռավներն ու ճնճղուկները մնացել թռչուններից, կռնչում էին ու ծլվում մերկ պուրակների մեջ։

Փոշի էր սակայն, անտանելի փոշի։ Ճանապարհի վրա դիզված կար կե՛ս թզաչափ․ ձիերի ոտների տակից ամպեր էին ելնում ու մեր կառքը շրջապատում։ Ո‘չ բերան կարելի էր բանալ, ո՛չ աչք։ Սպիտակո՛ւմ էինք գլխովին։

Օձիքս բարձրացրել, աչքերս գոցել, գլուխս ոզնու նման ներս էի քաշել ու տրտնջում էի.— զզվելի է այս, խայտառակ բան է…

Ճանապարհորդակիցներիցս այն, որ կողքիս էր նստել, մշեցի «խրմապետը», գանգատս իրավացի էր գտնում, բայց անօգուտ։ Փոշու դեմը առնել չէր կարելի։ Ուր ճանապարհ կա, այնտեղ փոշի կլինի։

Դիմացս նստող գյուղացին ծիծաղում էր վրաս։

— Փոշին ի՞նչ կանի որ… հող ա, է՛լի… հողը ի՞նչ վնաս կտա։ Հողիցը լավ բան կա՞ աշխարհումս։ Հողն ա մեզ կերակրողը, թող մի քիչ էլ բերաններս լցվի․ ի՞նչ կա որ…

Ու բերանը բաց, փոշու մեջ թաղված, դեռ ծխում էլ էր։

Կես ժամ այդպես, փոշու ամպերի մեջ. գնում էինք, մինչև որ մոտեցանք Գետաշենին։

Գյուղի մոտ փոշին դադարեց։ Բաց դաշտ կար քիչ․ ցեխ էլ էր․ մի առվակ էր ճապաղվել, փոսերը լցրել և խճուղին փչացրել։

Անցանք մի հին կամուրջից, որ դողաց մեր կառքի տակ։ Ապա բամբակի