Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բակի արտերի միջով սլացանք և, վերջապես, ջրի խշխշոցի ձայնը ավետեց, որ միայն մի պտույտ էր մնում գյուղի ջրաղացին և գյուղին հասնելու համար։ Առաջին խանութների առաջ կառքը կանգ առավ։ Ձիերին պետք էր քիչ հանգստություն տալ: Կես ճանապարհն արել էինք։

2

Չիջա։

«Խմբապետն» իսկույն վար ցատկեց և խանութ մտավ։ Գյուղացին հետևեց նրան։ Դռան առաջ կանգնածներն, անշուշտ, ճանաչում էին մշեցուն։ Անցնելիս՝ բարևեցին բավական ակնածու շարժումներով։ Մի քանիսները մոտեցան, ձեռք տվին ու միացան նրան։

Թվաց ինձ, որ «խմբապետի» անցյալ գործունեության հմայքը մնացել էր դեռ այդ տեղերում։ Ինչ որ էլ լիներ, մարդը նրանց համար կռվել էր հարձակվող թուրքերի դեմ, պաշտպանել էր գյուղերը։ Փաստն այն էր, որ հարգանք էր վայելում դեռևս ու որոշ դիրք ուներ։

Մենակ մնացի կառքի մեջ։

Խանութպանը եկավ և թեյ առաջարկեց։ Մերժեցի։ Դարձա հակառակ կողմը և այգիներն ու ջրաղացը դիտել սկսեցի։

Առվակն էր նախ, մեջը փնչացող մի գոմեշ նստած, այլև լողացող բադերի մի փոքրիկ խումբ։ Մյուս եզերքին գյուղացիներ կային։ Ջրաղացը գործում էր եռանդագին։ Ել և մուտ կար այնտեղ։ Գնում-գալիս էին ալյուրոտ մարդիկ, տոպրակները դռան մոտ՝ բառնալու էին սպասում՝ ցցերի կապած մի քանի էշերի վրա։

Այգիներումն էլ շարժում կար։ Խաղողի թփերն էին հողով ծածկում՝ ձմեռվա սառնամանիքից պատսպարելու համար։

Դեպի վեր գյուղի մեծ փողոցն էր. խճուղու մի մասը, որ երկու կողմերում խանութներ ուներ և տներ։ Անցնում էին ճռնչող սայլեր, փոշի հանող եզներ, ձիավորներ… Միմյանց հետևից շարված՝ ընթանում էին խոշոր կիսասայլեր ու տանում էին իրենց վրա երերացող թաց, ծորուն տակառները։ Խաղող էին կրում դեպի քաղաք՝ կոնյակի գործարանի համար։

Ու ճանապարհի վրա փոշին սավառնում էր գորշ թանձրությամբ հեռու և ծածկում, քողավորում ամեն ինչ…

Քիչ դիտելուց հետո այդ ամենը, սկսեցի սրտնեղվել։ Վրդովվում էի, որ կառապանն ու ընկերներս հանգիստ նստել էին ներսը և ճանապարհը շարունակելու մասին դեռ չէին մտածում։

Դարձա խանութի կողմը։ Դուռը փակ էր։ Աղմկալից խոսակցության