Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց մշեցին այլևս չէր լսում, անշուշտ չլսեց ալդ հեգնանքն ու ծաղրը։

Հանկարծակիի էր եկել, ու սոսկում էր միայն նկարված դեմքի վրա։

Ինչպե՜ս, կենտրոնի լիազո՞րը, քննություն իր գործի և առանց իր գիտնալո՞ւն։

Այդ ինչպե՞ս էր եղել, որ ինքը չէր իմացել, Չէ՞ որ քաղաքիցն էր գալիս, տեսնվել էր այնտեղ կենտրոնի մարդկանց հետ ու նրան ոչինչ չէին ասել գնացող քննիչի մասին։

Եվ, իհարկե, մտովին անիծում էր իր անփութությունը, քաղաքում այնքան երկար մնալը։

Ինչո՞ւ գոնե չէր լրտեսել և իմացել։ Մի՞թե կենտրոնին հաջողվել էր անգամ այնպե՛ս ուղարկել քննիչ, որ չորս-հինգ օր առաջ չէր իմացվել։

Այն էլ ինքը, «խմբապետ» Արամն անգամ չէր իմացել· ինքը, որ այնքան բարեկամներ ու կապեր ուներ, որի համար ոչինչ ծածուկ չէր մնում կազմակերպության արածներից։

Այդ րոպեին այդպիսի փոթորիկներ էին հուզվում անշուշտ մշեցու գանգի մեջ։

Եվ, երևի, այդ փոթորկալից մտածությունների արդյունքն էր, որ նա մի րոպե էլ կասկածեց, թե չլինի ես ևս քննիչ լինեի, մի երկրորդ քննիչ, որ հատուկ իր համար էի գնում, իր հետ ճանապարհորդում և խորամանկությունով թաքնվում էի ինչոր «բանահավաքի» դիմակի տակ…

Այդ սոսկալի միտքը մի երկրորդ հարված էր, որ ուժգնապես կծկեց նրան։

Սմքեց մեկեն, նայեց իմ ժպտուն դեմքին՝ հարվածի սպասող վախախառն ակնածությամբ, հետո, կմկմալով, խոսքն ուղղեց ինձ.

— Ի՞նչ կա որ… ես չեմ վախենում… Ամենքը, ամենքն էլ գիտեն, որ ես մաքուր մարդ եմ… Ա՜յ, Բարեղամն էլ գիտե։

— Ե՞ս,— հախուռն կերպով վրա բերեց իր կողմից ևս սաստիկ վախեցած Բարեղամը,— ես ոչինչ չգիտեմ… Ես ի՞նչ գիտեմ որ… Ես ոչնչի չեմ խառնվել ու չեմ էլ խառնվում… Չգիտեմ, ես առհասարակ ոչինչ չգիտեմ… Ձեռք քաշեք ինձնից…

Եվ երեսը դարձրեց։ Եթե հնարք ունենար, պատրաստ էր երդվելու անգամ, որ «խմբապետին» ո՛չ ճանաչել է և ո՛չ էլ ճանաչել է ուզում։

— Ինչի,– խոսեց արդարացողի ժպիտով «խմբապետը»,— կենտրոնը չգիտի՞, որ դրանք սուտ են, որ ես ո՛չ. ոչխար եմ փախցրել և ո՛չ էլ… Դրանք բոլորը իմ թշնամիների, Գալուստի ու Կարապետի տարածած ստերն են, որ ինձ դուրս հանել տան շրջանիցը…