Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ոչ ոք չպատասխանեց նրան այլևս։ Լուռ մնաց Բարեղամն անգամ։ Մտախոհ էր դարձել։ Չէր ժպտում։ Դեմքը կնճռած՝ անհանգիստ շարժումներ էր գործում նստած տեղումը։

Ըստ երևույթին, լիազորի գյուղերը գալը նրան էլ էր հանկարծակիի բերել և վրդովել։

4

Խանաբադում, փողոցի մեջտեղը, մի խանութի առաջ կառքը նորից կանգ առավ։

Արամը, որ գյուղին մոտենալիս անհամբեր էր դառնում, դեռ կառքը բոլորովին չկանգնած՝ ցած նետվեց և ասաց Բարեղամին.

— Դու չե՞ս գալիս։

— Չէ՞, ես գյուղն եմ գնում, գործ ունեմ։

Ապա դարձավ կառապանին.

— Հը՞, Սահակ, այստեղ խո չե՞ս կանգնելու։

— Հինգ րոպե, էս կապոցը տամ Արտեմին։

Հետո քաշեց, ոտերի տակից մի տոպրակ հանեց և մտավ խանութ։

Բարեղամն ու Գևորգն էլ իջան։ Մնացի կառքում մենակ ու նայում եմ։

«Խմբապետն» էր ինձ հետաքրքրում։

Աչքերովս հետևեցի նրան։

Արագ քայլերով գնաց նա դեպի մի այլ խանութ և այնտեղ, դռան առաջ կանգնած գյուղացիներին ձեռք տալուց հետո, մի երկու խոսք փոխանակեց։

Այնուհետև թողեց նրանց, մեծ քայլերով անցավ փողոցը, մտավ մի նեղ կիրճի մեջ և անհետացավ։

Երևի լիազորի տեղն էր հարցրել և շտապում էր գնալ տեսնելու։

Ուրեմն, ճիշտ էր, լիազորը գյուղումն էր և քննում էր ինչ-որ աղտոտ գործ, որի մեջ խառն էր ոչ միայն «խմբապետ» Արամը, այլև, ըստ երևույթին, Բարեղամը։

Այդպես էի մտածում և մեքենայաբար դիտում էի փողոցի մեջ անցած-դարձածը, երբ հանկարծ նկատեցի, որ դիմացից դեպի խանութներն էին գալիս երեք քաղաքացիներ։

Այո՛, քաղաքացիներ էին, և այն երկուսը օրիորդներ, մեկը պարոն։

Սխալվել անկարելի էր։ Հագուստն ու շարժվածքները որոշ էին։

Ու ո՛չ միայն պարզ էր այդ, այլև այն որոշվեց, որ կարծես դրանք ծանոթներ լինեին ինձ: