աղոթքներից, մանավանդ գիշերային այն անտանելի ժամերգություներից, որոնք այնքան անգթորեն թրատում են մարդու քունը, ո՛չ ուժ խնայելով, ո՛չ էլ՝ հանգստություն։ Ազատ էր ոչ միայն դրանցից, այլև երեք ամիս, գուցե ձմեռն էլ այդ տարի, շնորհիվ նոր վանահոր թողությանը՝ կարող էր մնալ դուրս՝ չստիպվել օրը միայն մեկ անգամ ճաշնլու, այն էլ լոբի, սիսեռ ու ոսպ։ Դեհ, այdպես ուտելուց հետո գնա և օրը 5—6 ժամ աղոթիր, 20 անգամ հորանջիր, 2 անգամ խոստովանիր չեղած մեղքերդ ու ձանձրացիր մահու չափ։ Վարժվել էին մարդիկ, չաղոթեին, ի՞նչ անեին, էլ ուրիշ ի՞նչ կար անելու։ Վանահայրը հաճախ բացակայում էր և՛ հսկումներից, և՛ գիշերային ժամերգություններից։ Աշտարակի գինին էր մեղավորը։
Ինչ որ էլ լիներ, նույնիսկ հոգու փրկության համար— մեղա աստծո- սակայն Սահակ հայր-սուրբը սրտի խորքիցը անկեղծորեն կուզենար դուրսը մնալ, մանավանդ երբ գարունը սկսում էր այդպես անուշ ժպտել լեռներին և ձորերին, երբ նրա տեսքն ու բուրումը գինովցնում էր մարդու, մոռացնել էր տալիս հոգի և թևեր տալով՝ պտտացնում էր հեռու։ Եվ որքան ձանձրալի էին թվում այդ բոլորի առաջ՝ այն լերկ ժայռերը կզղիի, այն հնացած եկեղեցիներն ու մութ խուցերը, որքան անտանելի մռայլ դեմքերը, անշարժությունն ու մեռելությունը. մինչ այդտեղ, գյուղի մեջ, գարնան հետ բացվում էր ամեն ինչ, ամեն օր նոր շարժում, վեճ, կռիվ, կյանք… Գնա մտիր տները, խառնվիր մարդկանց, խոսի՛ր, խնդա, նայիր այն ծիծղուն կանանց զվարթ դեմքերին՝ առանց քաշվելու, խոսակցիր, ժպտա, մի վախենար. ինչ կա, մարդ չե՞ս դու էլ։ Ի՞նչ անենք, որ վարդապետ ես. միշտ աղոթել կարելի՞ է. ի՞նչ օգուտ ախր, եթե բերանովդ աղոթում ես, իսկ միտքդ ոստնում է կղզիից ու տաճարից, ծովից ու ճգնարանից հեռու, սրանում է… հենց, օրինակ, դեպի այն լեռան կողերը, որոնք այդքան շքեղորեն զարդարվել են կարմիր խիլայով և ոտներն են լվանում ծովի մեջ։ Ի՞նչ ծաղիկներ են, հիրավի. պուտ չէ՞ր, այո, պուտ էր, խոշոր ու թխլիկ՝ սիրուն կանանց գիրուկ այտերի նման։ Ավելի հեռուն այն դաշտերը դեղնորակ, մեջտեղը լայն ճամփան՝ ճերմակ շեշտով, որ օձապտույտ սրանում է կանաչ տարածությունների կուրծքի վրայից։ Ավելի վար, դեպի Մասիսը՝ սևին են տալիս գյուղախմբերը, ժպտում են շքեղ հովիտները, որոնց դալարիների ծայրին պարում է սյուգը ծփումներով. ծաղիկներն էլ միահամուռ չափով ծափահարում են վայելչությամբ։ Ո՛չ, թող թույլ տրվեր իրեն վայելելու այդ ամենը, իր սիրած ծովախորշի մոտ գալ, պառկել ուռենիների զով ստվերի տակ, և հայացքը սևեռած արոտներին, ծաղիկներին, կյանքին, լեռներին՝ ննջել անուշ վայելքով։