ԱՆԱՊԱՏԻ ՄԵՋ
(Պատմական զրույց)
1
Ցամաքի այն մասը, որ կորակտուց հրվանդանի ձևով պարզվում էր դեպի լիճը, իր աջ կողմի վրա ուներ կիսակլոր մի խորշ։ Ջրերը այդ խորշի մեջ սահում էին հանդարտ և հազիվ լսելի մրմունջով ողողում էին ուռիների ստորոտները։ 10—15 ծառ է ընդամենը. գյուղի ամբողջ բուսականությունը այդ էր։ Եվ, անշուշտ, դրա համար է, որ Սահակ հայր-սուրբը միշտ այդտեղ էր իր ճաշն անում։ Հետո, ջրից քիչ ավելի հեռու, փռել էր տալիս կարպետը, ներքնակը և, գլուխը բարձին դրած, պառկում էր քնելու։ Ամենահանգիստ անկյունն էր հիրավի. ո՛չ կալ անողների աղմուկն էր հասնում այդտեղ, ո՛չ էլ փոթորկող լճի շառաչյունը։ Մեկ֊մեկ՝ շների հաչոց, երբեմն էլ զիլ աղաղակ, պառկելուն պես էլ՝ գետնի տակից կարծես հնչող հեռավոր և խուլ մռնչյունը ծովի. և ահա բոլորը։ Քնելը չէր խանգարվում. վարժվել էր։
Այդ շաբաթ օրը, սակայն, գյուղացիք մի քիչ ավելի տանջեցին հայր սուրբին։ Կալի ժամանակներ էր. վանքի պտղին ժողովելու համար պետք էր եռանդուն գործունեություն։ Փոքր-ինչ անհոգություն ու հապաղում և կղզիի միաբանությունը կարող էր սովի մատնվել ձմեռը։ Սահակ վարդապետը, ասենք սկզբից, վարպետ էր այդ գործի մեջ։ Սևանա վանքը նրանից լավը ո՛չ գտնել կարող էր, ո՛չ էլ տեսել էր։ Թող վանահայրն ու միաբանները մնային կղզիի վրա, աղոթեին ու քնեին ուզածնին չափ, հոգ չէր։ Նա հենց որ Ցամաքաբերդ կամ Գոմաձոր էր ելնում, նավակ նավակի ետևից, պաշարով լի՝ հասնում էին կղզիի ափը, և բեռնավորվածների շարքը մտնում էր Դրսի տունը։ Վարդապետը իր գործը լավ գիտեր, գյուղացիներին էլ լավ էր ճանաչում. ու մասնագետի հաճույքով էր, որ սկսում էր վիճել, համոզել, գոռգոռալ և սպառնալ։ Երկնքի ամբողջ օրհնությունները տրամադիր ուներ առատ տվողների համար, դժոխքի անեծքների կարկուտը՝ ժլատների։ — Այսպես էր, որ այդօր էլ կալից կալ, տնից տուն էր պտտվել, ժողովել էր, բեռնել, ուղարկել, նավակներ լցրել և վերջապես հոգնած՝ պետք էր զգացել հանգստանալու։ Ճաշը, կղզիից դուրս ելնելու օրիցը սկսած՝ վատ չէր. վառեկ, ձվածեղ, Աշտարակի ընտիր գինի։ Կերած-խմած՝ նա հաճույքով մեկնել էր ոտները, երեսը դեպի լեռները դարձրել և պատրաստվում էր քնելու: Վաղը կիրակի էր. ո՛չ կալ ուրեմն և ո՛չ պտղի։ Փառը աստծո, ազատ էր այժմ եկեղեցի գնալուց,