Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչ խենթ է և ոչ էլ վտանգավոր,— մեջ մտավ տանտերը,— դեռ անկիրթ է. իր անտառներն է հիշում…ծառանե՜ր, տարեք սրան և կրթեցեք…

Եվ բռնեցին մանուկին, իջեցրին ցած, կապեցին մի ծառի… ու կրթեցին…


8

Պառկել էր նա արյունաշաղախ՝ մի մութ սենյակում, խոնավ գետնի վրա։

Եվ տխուր էր ու մռայլ։ Ա՜խ, որքա՜ն երջանիկ էր նա, երբ գայլերի մեջ էր, ուր նրան ոչ ոք չէր նախատում, ոչ ոք նրանից առավելություն չուներ, ոչ ոք նրանից չէր խլում իր աշխատածը և կամ նրան այդպես արյունաշաղախ դրության մեջ չէր նետում։

Ու լաց էր լինում, ոռնում գայլի պես։

Ո՛չ, ավելի լավ է դարձյալ գայլերի մեջ գնալ. վերադառնալ այնտեղք, իր բարի Զեբին, իր Սիդին ու Սամին տեսնել, նրանց հետ ապրել։ Այստեղ նրան սիրող չկար. այստեղ միայն տեր ու ծառա, զրկող ու զրկվող, բռնացող ու ստրուկ էին բոլորը… Բոլորն էլ թշվառներ էին, որոնք սիրել չգիտեին, չէին էլ կարող սիրել։

Այո՛, թողնել պետք էր մարդկանց և գնալ դարձյալ գայլերի մեջ։

Բայց մանուկին բանտարկել էին, ուզում էին կրթել, նեղ մթնոլորտի, ծառայականության և հնազանդության վարժեցնել, մոռացնել տալ ազատ օդն ու «վտանգավոր» փափագները։

Եվ մանուկը բարձրացավ, ցնցեց իր վրա փակած դուռը, ոռնաց, գոռաց, օգնության կանչեց և բաց անել խնդրեց…

Դրսից լսողները ցավելով ասում էին.

— Խենթացել է խեղճը։

Ւսկ նա ազատությո՜ւն էր ուզում, իր անտա՛ռը փափագում։

Ու մի ուժգին հարվածով տապալեց դուռը, դուրս թռավ ուրախության աղաղակը բերանին և սկսեց հեռանալ բնակությունից։

Բայց նրա ետևից պնդում էին։ Շուտով թափվեցին վրան ամեն կողմից։ Նա պաշտպանվեց ձեռքերով, խփեց շատերին, արյունն աչքն էր կոխել, հարվածեց իր բռնողներին։

Եվ ընկնում էին նրա հարվածների տակ… Ինչո՞ւ էին արգելում ազատ ման գալու և գնալու՝ ուր կուզեր. ինչո՞ւ էին ուզում բանտարկել իրեն։

Այլևս չէր ուզում իր չար եղբայրներին, որոնք միմիայն ցավ ու վիշտ