էին պատճառում, միմիայն տանջում էին նրան։ Ո՜չ, ավելի լավ էր գնալ գտնել գայլերի հասարակությո՛ւնը դարձյալ…
Բայց շուտով շրջապատեցին նրան շատ խմբեր՝ բրերը ձեռքերին, բռնեցին, տեղացին հարվածներ նրա վրա, հետո շղթա զարկին ու նորից տարան մի խոր և մութ ծակի մեջ փակեցին։
Հոգնել էր կռվի մեջ, մենակ էր բռնության, ստրուկների, խուժանի դեմ և ընկճվում էր։
Եվ լսում էր, որ մարդկային ամբոխը դրսից ոռնում էր քաղցած գայլերից ավելի վատ.
— Սպանեցեք վայրենուն, մա՜հ մարդասպանին…
Գիշերն անցկացրեց մանուկը գրեթե ուշագնացության մեջ։ Ոչինչ չէր հիշում։ Չէր կարողանում շարժվել իսկ… Կցանկանար մեռնել, ազատվել. չէր ուզում այդպիսի կյանքը…
Չիմացավ, թե ինչպես մյուս օրը զարթնեցրին իրեն, ձեռքերը շղթայեցին ու դուրս տարան։
Մեծ ամբոխ էր հավաքվել նրա ճանապարհի վրա։ Խուժանը ձեռքերն էր բարձրացնում, ոռնում… և նրա ակնարկը միմիայն զզվելի, ստրկական կամ չար դեմքերի էր հանդիպում։
«Ա՞յս է մարդկությունը…»,— մտածեց նա ու ցնցվեց, Մի՞թե ինքը դրանց եղբայրն էր. դրանց նմա՜նը…
Երկար չխոսեցին սրահի մեջ։ Շուտով բռնեցին նրան, ձեռքերը ետևից կապեցին և տարան մի լայն հրապարակի վրա, ուր կար կեռ ցիցը կանգնեցրած։
Հանդիսավոր կերպով, շրջանաձև պատեցին այդ ցիցը, հետո մի սև հագած անձ փսփսաց խոսքեր նրա ականջին՝ մի ինչ-որ նոր կյանքի մասին խոսելով, և մեկը ձեռքի բռնած չվանը անցկացրեց նրա վզից, ստիպեց բարձրանալ աթոռի վրա, մի ուրիշն էլ չվանը տարավ ու կապեց բարձր ցցին։
Եվ լուռ էին։ Միայն ա՛յդ ժամանակ լռել էր խուժանը։
Մանուկը տեսավ նրանց գազանային չար արտահայտությունը, եղբոր տանջանքներով զվարճացող, գազանից ավելի չնչին արարածների ցանկությունը։
Նրանց արյունարբու, նախճիրային ոգին նկարված էր տեսնում դեմքերի վրա…
Ու հանկարծ զգաց, որ գետինը խուսափում էր ոտքերի տակից, որ մի բան խիստ կերպով սեղմում էր կոկորդը։ Խեղդվում էր, շունչը կտրվում…