Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ այդ պատվավոր մշակությունն է… պիտի տեսնել նրանց մաքսատան մեջ հակերը մեջքներին, կորաքամակ, կեղտոտ հագուստով, հետզհետե մաշվող կերպարանքով։

Պիտի տեսնել Ղալաթիայի կողմը խաների մեջ ընկած մշակներին իրենց կրելիքներով (մի տեսակ բարձի նման շինվածք է այդ, որը միշտ մեջքի վրա ունին և որին են հենեցնում բեռը), պիտի տեսնել Պալըգ բազարում, Թախտե-Կալեում, ուր նրանք ընկած են ամենակեղտոտ անկյուններում. սրճատունների մեջ— Սիրքեջիում, խաների մեջ- ամեն կողմ և գինետունների անկյուններում— Ղալաթիա և Սամաթիա և Ենի-կափու և Կում-կափու…

Պիտի տեսնել նրանց՝ ոտաբոբիկ, երբեմն գլխաբաց, ջրհան գործիքը ուսերի վրա դրած՝ փողոցում վազելիս և որոտաձայն գոոալիս, երբ մի որևիցե տեղ հրդեհ է լինում։ Եվ ո՞վ է այն ջրհանակիրը, որ կարողանա մշեցու պես ջուր խփել, կրակը մտնել, ազատել ամենայն պարզությամբ անձեր, անգնահատելի մնալ և նորից երթալ կրծելու յուր մի կտոր ցամաք հացը՝ ընկած մի խանի կամ մի սրճատան անկյունում։ Այդտեղ նա, եթե դեռ նոր է Կ. Պոլիս մտել, մտածում է յուր հայրենիքի վրա… Ժամերով զբաղված է յուր հիշողություններով և չէ կարողանում քնել, լոր անկողնի— գետնի վրա ընկած և գլխին բարձ արած յուր կոշտ ու անհարթ «կրելիքը»… կամ կարդում է տնից ստացած նամակը հազարերորդ անգամ, գուցեև արտասվում է…

Այդ այդպես է լինում, երբ պանդուխտը մենակ է և դեռ նոր է. իսկ հինը գտնում է ընկերներ և գիշերը անցկացնելու համար առաջ գնում է մի գինետուն, ուր նա՝ մոռանալու համար իրեն տնից լուր բերող տխուր–տխուր նամակները՝ խմում է անհագաբար և հետո գնում է յուր օրական աշխատանքի վերջին մնացորդն էլ պոռնկատան տալու…

Այդպես է լինում պանդուխտը այդ անդունդի տիղմերի մեջ և, եթե հաշիվ բռնվի, չկա 100-ից 10-ը, որը ծանոթ չլինի գինետունների ու պոոնկատունների հետ, որ մտաբերելիս լինի անցյալ պարզ կյանքը և զբաղվի յուր հիշողություններով… Աշունը յուր վերջին էր մոտենում, մի գեղեցիկ օր էր դեռևս, երբ «Խայիրիե» ընկերության Վոսֆորի վրա պտտող շոգենավակներից մեկը Պոյուք-դերե գնալու ժամանակ՝ անցավ նեղուցի մեջ մտնող մի շոգենավի կողքից, շոգենավի, որի ափերի վրա հենած ապշորեն ամեն կողմ էին նայում գզգզված, այլանդակ ու կեղտոտ հագուստներով բազմաթիվ առողջ, գեր և երկարահասակ մարդիկ։

Պանդուխտների վերջին շոգենավն էր, որը կես ժամից հետո կանգ առավ մաքսատնից փոքր-ինչ հեռու, խարիսխ ձգեց և սպասեց, որ մաքսատան