Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտոնյաների ներս մտնելուց հետո ազատվի այդ վխտացող բազմությունից։

Հազիվ թե շչակի ձայնը կտրվեց, որ չորս կողմից շոգենավի մոտ հասան բազմաթիվ նավակներ, որոնցից շոգենավ ցատկեցին նավաստիներ և, շատ անգամ ուժով, նավակների մեջ լցրին ճանապարհորդներին՝ ափը տանելու համար։ Կեղտոտ անկողիններ, ծվենների կտորներից փաթաթած կապոցներ և մի քանի հատ կտավե շապիկներ էին, որ պատիվ ունեցան նայելու մաքսատան նավամատույցի վրա Օսմանյան մաքսային պաշտոնյաները, որոնք այդ անելուց հետո մեկ-մեկ նրանց թողնում էին, որ անցնեն, և մշեցիների, վանեցիների ու շատախցիների այդ ահագին բազմությունը միմյանց ետևից շարված սկսեց դուրս գալ մաքսատան մյուս դռնից՝ Պահճե-կափուի լայն փողոցի վրա։

Ոչ ոք նրանց վրա ուշք չէր դարձնում, ամենքը սովորել էին ամեն տարի և տարին հինգ-վեց անգամ կրկնվող այդ խղճալի տեսարանը տեսնել։

Կային, որոնք չգիտեին, թե ուր գնան և շվարած կանգնել, մնացել էին դռան առջև, կային, որ հենց մաքսատան բակի մեջ էին ցած դրել իրենց թեթև կապոցը և նստել իրենց բարեկամներին էին սպասում, և կային, որոնք փողոցեփողոց ընկած փնտրում էին իրենց ծանոթների բնակած խաները ու մթերանոցների դռները․ իսկ շատերը արդեն՝ իրենց դիմավորող հայրենակիցների հետ համբուրվելուց հետո իրար տգեղացած, նիհարած, երկարացած կամ ծերացած էին գտնում և իրենց տան մասին միմյանց բարձրաձայն հարցմունք անելով գնում էին զանազան կողմեր։

Ամենքը քաշվեցին: Նավամատույցի վրա մնում էր միայն մի երկարահասակ մշեցի, որ շվարած կանգնել և յուր չորս կողմն էր նայում, չդիտեր՝ ո՞ւր գնար, ի՞նչ աներ, որի՞ն դիմեր. նրան միայն ասել էին «Գնա Կ, Պոչիս, այնտեղ քեզ համար գործ կգտնես»՝ և ահա նա եկել էր հազար ու մեկ նեղություններ քաշելով, տասնևվեց օրվա ճանապարհը ոտով մի ամսվա մեջ գալով… եկել մտել էր Կ. Պոլիս… Տեսնում էր նա յուր տեղից Ղալաթիայի երկաթե կամուրջը, որի վրա ման էին գալիս հազարավոր մարդիկ, տեսնում էր ջրի վրա ամեն կողմ նավեր, շոգենավեր, այս-այն կողմ սլացող նավակներ… տեսնում էր դիմացը հետզհետե բարձր դիրք ստացող Ղալաթիան յուր հսկայական շենքերով… ամեն կողմ՝ խառնուրդ, անցուդարձ, ամեն կողմից զանգակների, շչակաների մարդկանց, կառքերի և այլն խլացնող ձայներ, անտանելի աղմուկ:

Եվ այդ քաոսի մեջ ո՞ւր գնար նա, ինչպե՞ս գործ գտներ, որի՞ն դիմեր. գիշերն էլ մոտենում էր,— որտե՞ղ պիտ քներ…