Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե այդպես լինես, պարտքդ էլ կտաս ու քո վաշխառուիդ էլ մի քանի լիրա կկարողանաս տոկոսով պարտք տալ։

— Ախր ես դրանց ոչ մեկին էլ չեմ իմանում։

— Կսովորես կամաց֊կամաց: էգուց ես էֆենդուն կասեմ, դու էլ մեր մեջ կմտնես և «համբալ» կլինես. հետո կամաց֊կամաց երբ ծանոթանաս շատերի և ամեն բանի հետ, կհասկանաս-դու խելոք ես—կիմանաս, թե ինչ պիտի անես… աշխատիր դա լեզուդ էլ փոքր-ինչ փոխելու, «զիմ հաց», «լե», «հմլա»՝ այպիսի խոսքերը թող և «կոր, նէ, ասանկ, ատանկ գործածիր, քո աղայիդ էլ միշտ «էֆենդի» ասա, գրագրին «պարոն»։ Վերջապես «նազիք» եղիր, բարակցի՛ր, բարակցի՛ր…

Եղոն, որ տխրությամբ գլուխը կախել էր, ընդհատեց նրան, նայեց տխուր աչքերով և ասաց դառնությամբ ու վախկոտ ձայնով.

— Կարապե՛տ, սոսկալի է, ես վախենում եմ այդ բոլորից…

— Հիմար ես, բարեկա՛մ,— ծիծաղեց Կարապետը,— վաշխառուդ պարտքը, հայրենիքում կինդ, ծնողքդ ու որդիքդ՝ հաց և այստեղ փորդ՝ կշտանալ են ուզում… ո՛չ ոք քեզ հաց չի տալ… լսի՛ր ինձ, քանի կարող ես բարակցիր, որչափ բարակես՝ այնչափ շատ փող կաշխատես։

Երբ Եղոն մենակ մնաց, գլուխը ձեռքերի մեջ առավ և դառնությամբ արտասվեց. հետո ծունկ չոքեց, աղոթեց և ասաց.

— Աստված ի՛մ, ինձ սիրտ տուր և օգնիր, առանց քեզ կորսվելու եմ…

Սրբեց արտասուքը և մրմնջեց.

— Դու արտասուք, մի՛ պակսիլ աչքիցս, առանց քեզ՝ մոռանալու եմ:

Խե՜ղճ ճգնավոր Եղո… վերջին աղոթքն էր այդ և վերջին արցունքները. որ նա թափում էր հիշելով յուր հայրենիքը և ծնողքը, որդին ու կինր:

Ե

— Յա՛ Մշու Սուլթա՛ն սուրբ Կարապետ,— գոչեց առաջին անգամ Եղոն, երբ բեռան փայտի մի ծայրը ուսի վրա առավ։

Եվ դրանից հետո նա օրը մինչև երեկո բեռ էր կրում։

Որչա՜փ ուրախացավ նա, երբ առաջին անգամ ստացավ յուր մի շաբաթվա աշխատանքը, երբ այդ փողը նա կապեց, կապկապեց յուր թաշկինակի մեջ՝ դրեց ծոցը և երբ զգաց, որ վաշխառուին հասանելիք հինգ ոսկիից աշխատեց ու տվեց մի քանի «մեջիդ» (նրա համար՝ ունենալ նշանակում էր վճարել պարտքը)։ Որչափ տրտում էր, երբ պետք էր լինում այդ փողից ուտելիքի տալ: Եվ ինչ էր այդ ուտելիքը— մի կտոր հաց ու պանիր: