Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Աստված ի՛մ,- գոչում էր,- այս ուտելը չլիներ։

Եվ հետո, երբ մտածում էր, որ առանց ուտելու չէր կարելի․

-Հոգ չէ՛,- ասում էր,- միայն հաց ու պանիր կուտեմ…

Այլևս կյուրակին, տոնը և պաս օրը նրա միտքը չէր ընկնում, չկար նրա համար, նա միշտ վաշխառուի մասին էր մտածում։

Եվ ընկերները միշտ ծիծաղում էին նրա վրա։

-ճգնավոր Եղոն փող է ժողովում,-ասում էին նրանք։

Անցավ երեք ամիս։ Տոն էր այն օրը, երբ Եղոն դեպի «երկիր»– հայրենիք ուղարկեց վեց ոսկի, մեկը՝ ծնողներին ծախսելու և մյուսը 5-ը՝ պարտքը տալու։

Այժմ հանգիստ էր և այլևս վաշխառուի վրա չէր մտածում։ Ընկերները ամեն երեկո զբոսնելու էին գնում, իսկ նա պառկած, մտքով յուր հայրենիքը- յուրայինների մոտ էր թռչում. աղոթում էր և աղոթելով քնում։ Սակայն այսպես չմնաց միշտ. մի օր, երբ ընկերները գնում էին զբոսնելու և երբ, ամեն անգամվա պես, փորձեցին Եղոյին էլ իրենց հետ տանել, նա չընդդիմացավ և գնաց նրանց հետ։

Ընկերները զարմացան։

Մտան մի գինետուն և օղի ուզեցին, խմեցին և Եղոյին առաջարկեցին։

-Ինչո՞ւ եք խմում այդ անպիտան բանը,-հարցրեց Եղոն։

-Խմի՛ր, Եղո,-գոչեց Կարապետը,-մեր քեֆը այս է, պանդուխտը Կ․ Պոլսում քեֆ անելու միայն այս միջոցն ունի… խմիր ու մոոացիր…

-Մոռանա՞լ, ի՞նչը, տու՞նը, տե՞ղը, ծնո՞ղքը…

Հանկարծ մեկը կռացավ դեպի նա և ասաց.

-Ցավերր…

-Այո՛, ցավերը,— մռմռաց Եղոն և մի ումպով դատարկեց օղին, հետո շանթահարի պես գավաթը ձգեց և ընկավ գետին։

Նրա ծոցից մի թուղթ դուրս թռավ.-նամակ էր։

Նամակը բացին.

«Սիրելի որդիս,

Վեց ոսկին ստացանք, հինգը վաշխառուին տվինք, բայց վաշխառուն 5 ոսկի ևս ուզում է տաս ոսկիի տոկոսի հետ. ասում է, թե քեզ 10 ոսկի է տվել:Մեր կովը քաշեց տարավ, այլևս ցամաք հաց միայն ունինք ուտելու, սակայն հոգ չէ այդ մեզ համար։ Դարձի՛ր, որդի, մայրդ մեռնելու մոտ է և քեզ տեսնել է ուզում, կինդ լաց լինելուց չի դադարում. դարձի՛ր, որդի…»։