Վաշխառուն նորից ոտքի կանգնեց և շվարած ու բարկացած պատասխանեց.
— Ինչե՜ր ես ասում, եղբա՜յր, կյուրակի օր եկել, ի՜նչ զրպարտություններ ես անում… հիմա՛ ես կերթամ մյութեսերիֆի մոտ…
— Ձա՛յնդ…— գոչեց Եղոն, «քեզախիկի» տակից դաշույնի ծայրը ցույց տալով,— եթե նորեն բարձր խոսե՛ս, շանսատակ կանեմ… նստիր և պատասխանի՛ր… նստի՛ր։
Վաշխառուն՝ դաշույնը տեսնելով՝ լռեց և դողդողալով նստեց։
— Այժմ,— շարունակեց Եղոն,— ամենքի հետ երևի այդպես ես վարվում, փողը տալիս ես մեկ, առնում ես երկու, այդ բավական չէ, խլում ես նրա ուտելիքը և պատիվը… ինչո՞վ պակաս ես անում քուրդերից, ինչո՞վ ես զանազանվում Միրզա բեգից, Հաջի Թայիբից, Հասան բեգից… տե՛ս, լսիր ինձ, ես որ քեզնից անպատված մի զոհ եմ, եկել եմ քեզնից ազատելու իմ մյուս ընկեր չինելիք անձերին… այս րոպեին կտաս ինձ բոլոր մուրհակները…
— Բա՛յց,— թոթովեց աղան։
— Ձա՛յնդ… մի խոսք չեմ ուզում,— գոռաց Եղոն և դաշույնը բոլորովին հանելով՝ փայլեցրեց նրա աչքի առջև,— շու՛տ, մուրհակները… բոլորը այս արկղիկի մե՞ջն են, ուրիշ որտե՞ղ կա…
— Ուրիշ ոչ մի տեղ չկա…
— Իսկ այս պահարանի մե՞ջ… դոշեկիդ տակը… ելի՛ր և շուտով հավաքիր բոլորը և լից այս արկղի մեջ… ելի՛ր… Դաշույնը ստիպեց վաշխառուին կատարել Եղոյի բոլոր հրամանները։ Մուրհակները բոլորը ժողովեցին արկղիկի մեջ, որ առնելով Եղոն՝ դրեց վաշխառուի առջև, արագությամբ հանեց գրպանից մի լուցկի, կրակ տվեց թղթերն և գոչեց…
— Վայելե մուրհակներիդ ծուխը…
Վաշխառուն ուզեց գոռալ, բայց դաշույնը մոտեցավ կոկորդին, նա լռեց և սկսեց արտասվել։
— Հրեշային արցունքնե՜ր…— ասաց Եղոն դառն ծիծաղով:
Երբ այրվեց վերջին մուրհակը, և ծուխը քուլա-քուլա դուրս գնաց երդիկից՝ Եղոն մոտեցավ դեռևս արտասվող վաշխառուին և՝ բռնելով նրա թևից՝ ասաց.
— Մուրհակները ոչնչացան, սակայն դրանց գրողը նորեն կարող է գրել դրանց նմանները. պետք է ոչնչացնել ո՛չ թե դանակը, այլ դանակ բռնող ձեռքը… այդպես էր ասում Արշավիրը… դե՛հ, Մարտիրոս աղա, եթե հավատում ես մի բանի, եթե ունես աստված և այդ աստծուն կարող ես դիմել՝ չոքիր և զղջալով խոստովանվիր նրան, թե քանի՜ մարդ