ես ոչնչացրել, քանի՜ ազգակիցներիդ արյունաքամ և անպատիվ ես արել, քանիսներին պատճառ ես եղել պանդխտության մեջ կամ մեռնել կամ հրեշանալ… չոքի՛ր և աղոթիր, եթե կարող ես, որովհետև էլ կյանքդ վերջանում է… դևերը ուզում են իրենց ընկերին իրենց մոտ…
Վաշխառուն քարացել էր համարյա, մեքենայաբար չոքեց ու մեքենայաբար ասաց «Հայր մեր»–ը և երբ տեսավ, որ դաշույնը կոկորդին է մոտենում, ձեռքերը պարզեց և գոչեց…
— Խղճա՛…
— Որի՞ն խղճացիր:
— Որդիներ ունիմ։
— Քանի՜ որդի որբ թողիր:
— Կին ունիմ:
— Քանի՜ կին անպատվեցիր։
Եվ բռնեց Եղոն կատաղությամբ վաշխառուի կոկորդից, սեղմեց, հետո զգուշությամբ հեռու կացավ, որ չարյունոտվի, և կեռ դաշույնը այնպես կատաղությամբ մխեց նրա կուրծքի մեջ, այնպես հուպ տվեց կոկորդը… որ ժայթքեց արյունը դեպի ցած և մի խռռոցով միայն վերջացավ ամեն ինչ…
Այդ անելուց հետո Եղոն թևով ճակատի քրտինքը սրբեց, կռանալով՝ ստուգեց, որ վաշխառուն դիակ է դարձել և հանդարտությամբ դուրս գնաց նախ սենյակից, որի դուռը փակեց, և ապա բակից…
Փողոցում նրան սպասում էր մի երիտասարդ, որը հարցրեց.
— Եղա՞վ։
— Այո՛,— ասաց Եղոն։
— Շնորհակալ եմ. ինձ հետ պարտավոր են քեզ շատ հայեր… գնանք…
Փոքր ինչ քայլեցին։
— Այժմ… - ասաց երիտասարդը կանգ առնելով,— հորդ և որդուդ կնայվի… կառավարությունը պիտի փնտրե քեզ այնպիսի ժրաջանությամբ, ինչ անհոգությամբ որ չէ տեսնում քուրդերի արածները… քաղաքից դուրս գնա, Սեպ քարի տակ կգտնես մի ձիավոր, կտաս նրան այս թուղթը… կհեծնես ձին և, այդ հեռվի լեռները տեսնո՞ւմ ես…
— Սասնո լեռնե՞րը։
— Այո՛… Կգնաս այն կողմը… կհարցնես անկախն հայ ավազակ Հովհաննես քեհյային և կտաս նրան այս մյուս թուղթը… Քեհյան 500 ձիավոր ունի, 501-երորդն էլ դու եղիր… գնա… աստված քեզ հետ… երբ պետք լինի, թե ինձ և թե որդուդ կտեսնես… ապահով գնա…
Գրկեց, համբուրեց նրան և տվեց թղթերը…