Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաճիկներից, հույներից, պարսիկներից, ալբանացիներից և հրեաներից: Այդտեղ կարելի էր տեսնել ֆեսը ծուռ դրած՝ լրբենի հեգնական ժպիտը դեմքին տաճիկներ, վախից գունաթափ դեմքով գլուխը ծռած հայեր, վիզը բարձր բռնող և վճռական հայացքով, հպարտությամբ քայլող հույներ, կատաղի աչքերը չորս կողմ հածող՝ կոնաձև մեծ-ֆեսերով ալբանացիներ, կարմիր ներկած մատներով և ձեռքերով միմյանց հետ բարեձայն վիճող պարսիկներ և վերջապես գծուծ հագուստներով հրեաներ որոնք քծնում էին այդ բազմության առջևից և ետևից գնացող երկու հետևակ սուվարիների շուրջը:

Իսկույն հասկացա, որ «փոլիս իդարեսիից» դատարան էին բերում բոլոր հրավիրվածները՝ լինեին նոքա վկաներ, ամենաչնչին պատճառներով դատի հրավիրվածներ և կամ նույնիսկ հետաքրքրության համար «փոլիս իդարեսին» մտնող անձեր: Բոլորին առաջնորդում էր մի զինվոր, որը ներս մտավ, հետո դռան մոտ կանգնելով համրեց ետևից մտնողներին և առաջնորդեց նրանց դեպի մի խարխուլ խրճիթ, որ երևում էր բակի աջ կողքում յուր վանդակապատ, քարուքանդ և հնությունից սևացած լուսամուտով և հնադարյան կաղնյա դռներով։

Երբ հասան այդ խրճիթի դռան մոտ, կանգ առին և զինվորը ձեռքի բանալիքով դուռը բաց արեց. ես հետաքրքրությամբ ետ գնացի և որովհետև այդ բազմության մեջ երևում էին նաև երկու եվրոպական գլխարկներով շատ մաքուր հագնված անձեր, կամացուկ մոտեցա նրանց և հարցրի տաճկերեն.

— Դուք հա՞յ եք:

— Հայ ենք…

— Դու՞ք ինչ գործ ունիք այստեղ։

— Մենք…

Բայց չկարողացան վերջացնել, որովհետև զինվորը կոպտությամբ բռնեց նրանց թևիցը և գոչեց,

— Մտեք ներս, խոսելու ժամանակ չէ։

Հետո, երբ նրանց ներս կոխեց, նայեց ինձ և ասաց.

— Դո՞ւ ինչու չես ներս մտնում, պե՞տք է, որ քեզ էլ հրեմ։

— Ե՞ս,— զոչեցի զարմացած,— ես սրանց հետ չէի:

— Այդ ո՞րին ես խաբում, հա՛յդե, ներս մտիր…

— Բայց…

— Չոք սեոլե՛մե…— որոտաց զինվորը, հետո բռնեց թեևիցս և այնպես հրեց ինձ ներս, որ գնացի ընկա մի հրեայի վրա, որը մի վայ արձակեց. դուռը ետևիցս փակվեց, ես գտնվում էի այդ բազմության հետ մի մութ, կեղտոտ, աղբով լիքը սենյակում։ Փոքր-ինչ հեռու կանգնած