Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին երկու հայերը, իսկ մյուսները ծիծաղում էին։ Կատաղեցի, ուշքի եկա և վազեցի դեպի դուռը, բայց դուռը արդեն փակված էր, և զինվորը դրսից կողպեք էր դնում նրա վրա։

— Բա՛ց,— գոչեցի ես,— ես սրանց հետ չէի։

— Ձա՛յնդ,— գոռաց դրսից զինվորը,– ինձ Մահմեդ աղա կասեն, քանի քեզ պես հոպոպներին եմ կոխել այդ «կափու ալթիսին…»[1]։

— Թանկ կնստի քեզ այդ,— ասացի,— րեիսին կասեմ, հոգիդ կհանի։

— Օհո՛,— քրքջաց զինվորը,— րեիսի՞ն էլ ես ճանչում։

— Բա՛ց, ասում եմ,— գոչեցի ես,— ես նրա բարեկամն եմ…

— Իրա՞վ… երբվանի՞ց ես բարեկամ… էֆենդը՛մ Մահմեդ աղան հիմար չէ, գիտե, որ րեիսը բարեկամի ինչ լինելը չի իմանում… ափսոս առաջ չիմացա, որ դու րեիսի բարեկամն ես, թե չէ կտանեի ուրիշ բանտ…

Ստիպվեցա լռել, թեև բարկությունից գոռում էի։

— Ոսկոր ձգիր առջևը,— այդ միջոցին փսփսաց մեկը ականջիս։

Ետ նայեցի, հայերից մեկն էր։

— Ահա՛,— ասաց նա,— հինգ ղուրուշ մենք կտանք, հինգն էլ դու տուր, և թող երեքիս էլ թողնե դուրսը կանգնենք…

— Բայց դո՞ւք ինչ գործ ունեիք սրանց մեջ,— հարցրի ես նրան։

— Մենք վկա ենք կանչված մի դատի համար։

— Վկա՞… և սրանք վկաների՞ն էլ են բանտարկում։

— Իհարկե,— ծիծաղեց հայը,— այ պատմեմ քեզ սրանց օրե՞նքը, թե սովորությունը։ Բերում են մի թուղթ, ստորագրել տալիս և քեզ էլ քարշ տալիս «փոլիս իդարեսին»։ Այնտեղ կոշիկներդ հանում ես բակում կանգնած մի զինվորի մոտ և կոշիկներդ պահելու համար էլ 1 ղուրուշ փող ես տալիս (և եթե ետ դառնալու ժամանակ կոշիկներդ թռած լինին՝ չզարմանաս). բոբիկ ոտներով քեզ տանում են փոլիսի մյուդիրի մոտ մի մեծ սենյակ, ուր պատերի տակ մի-մի արկղիկների և փռված անկողինների մոտ պպզել են գրագիրներ և ճզճզացնում են, իսկ ինքը մյուդիրը նստել է մի խարխուլ սնդուկի վրա— ամենաբարձր տեղը, ֆեսը ծոծրակի վրա գրել, քեզ է նայում դաժանությամբ, հետո զինվորին է դառնում և հարցնում, թե ո՞վ էի ես… Զինվորը ասում է, իսկ մյուդիրը այդ միջոցին քեզ չափում է ոտքիցդ մինչև գլուխը…

— Երևի առաջին անգամն էր, որ մտաք այստեղ,— միջահատեցի ես նրան։

  1. Այդ տեսակ «դռան ետև» բանտեր տաճկական ամեն դատարաններում կան և կոչվում են «դռան ետև»։