Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատը թաց, կեղտոտ, կարծես աղբով ծեփած լինի… Եվ այդ բոլորը կրում էս երբեմն ժամերով, մինչև որ մյուդիր էֆենդին հիշե քեզ և հրամայե ներս տանել սենյակը… Գալիս է զինվորը, բաց է անում դուռը, քեզ դուրս է քաշում և ներս մտցնում մյուդիրի մոտ… և ահա քո ոտներդ գարշելի հետքեր են ձգում անցածդ ճանապարհի վրա… Մյուդիրը չէ նկատում, սակայն գրագիրները նկատում են, քիթերնին են պահում, հայհոյում են. մյուդիրը կատաղում է, ինքը յուր ձեռքով մի քանի հատ հասցնում է վզակոթիդ, եվրոպական գլխարկովդ սրբում ոտներդ, հետո քիթը բռնելով մի քանի հարցեր է առաջարկում և գոռում[1].

— Հա՛յդե, սիքտիր, մուրտա՛ռ…

Եվ զինվորը քեզ տանում խառնում է բակի մի անկյունում մի ուրիշ ավելի կեղտոտ, բայց մեծ սենյակում միմյանց վրա լցված, բազմության մեջ… Այս այսպես է… Հետո քեզ բերում են այստեղ… նայիր ինքդ, հավանո՞ւմ ես այս նախագավիթը, ուր սպասում են բոլոր վկաները, հրավիրվածները և շատ անգամ հանդիսատեսները՝ դատարան մտնելուց առաջ…

Ես չորս կողմս նայեցի։

Մի բավական մեծ խրճիթ էր այդ և, ինչպես ասացի, հնադարյան կաղնյա դռնով և վանդակապատ անփեղկ միակ լուսամատով։ Պատերը և առաստաղը այնպես սև էին, որ դժվարանում էի որոշել, թե ինչո՞վ է ծեփված. խոնավությունից ցեխ էր կազմվել սենյակի վերին կողմը, իսկ մի անկյունում դիզված էր զանազան իրերից կազմված աղբի կույտը, որի վրա կռացած՝ քրքրում էին երկու հրեաներ, հետաքրքրությամբ դիտում էին կտրտված թղթերը, ժողովում էին ամեն երկաթի կտոր, շորի մնացորդ և նույնիսկ կոտրտած տաճկական գրիչներ՝ ու գրպաններն էին կոխում։ Հույները տաքությամբ վիճում էին մի անկյունում, ալբանացիք կատաղի աչքերով մյուսներին էին նայում, իսկ պարսիկները պպզել պատի տակ՝ գետնի ցեխից բուրգեր, պատեր և տներ էին շինում և ցեխոտ ձեոքերնին հագուստի փեշերով սրբում. իսկ մի արաբացի աշխատում էր օդի միջից անցնող ճանճերը բռնել և երբ հաջողվում էր՝ կտրատում էր խեղճ կենդանիների թևերը և ապա դնելով պատի վրա՝ ժպիտը երեսին դիտում էր նրանց օրորվելով քայլերը…

Օդը այնպես ապականվել էր այդ բազմության արտաշնչությունից, որ ինքզինքս ձգեցի լուսամուտի մոտ, ուր և ինձ միացան խոսակիցներս։

  1. Անձամբ ստուգել ցանկացողները թող բարեհաճեն մի գործ ունենալ տաճկանց դատաստանատներում և այն ժամանակ կտեսնեն մեր գրածը դեռևս շատ մեղմ է։