Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլորիս հետաքրքրում էր այն, թե ի՛նչ դատ ուներ այդ ցնկռոտ պարսիկը նշանավոր գործարանատեր Ահմեդ Նազիմ էֆենդիի դեմ:

Բանից դուրս եկավ, որ պարսիկի թևը մի մեքենայի տակ էր ընկել և մինչև արմունկը ջախջախվել էր, և այդ այսպես էր եղել:

Ամսի 2-ին Ահմեդ Նազիմ էֆենդին յուր գործարանին այցելության էր գնացել. մոտենալով շոգեշարժ մեքենային, տեսել էր, որ ռեգուլատորը լավ չէր բանում (այնչափ տեսել էր, որ փոքր-ինչ հասկանում էր): Հրամայում է յուր մոտ կանչել գերմանացի մեքենագործին, սակայն մինչև նրա գալը նա դառնում է մեքենայի մոտից այդ ժամանակ անցնող պարսիկ մշակին և հրամայում է, որ մեքենան յուղե։ Պարսիկը տեսած լինելով, թե ի՞նչպես են յուղում, առնում է եղամանը և մոտենում է մեծ անիվին…

— Այդտեղ չէ՛, հիմար,— գոչում է էֆենդին և հրում է պարսիկին դեպի ռեգուլատորը, րայց պարսիկը այդ բուռն հրելուց քիչ է մնում ընկնի, ուստի կռթնում է մեծ անիվի առանցքին. առանցքը վայրկենապես ետ է մղում նրա թևը և ձգում դեպի մեքենայի թևը, որը և դառնալու ժամանակ այնպես խփում է նրա թևին, որ մինչև արմունկը ջախջախվում է։

Պարսիկին տանում են հիվանդանոց, ուր նրա թևը կազդուրվում էր բայց մնում է հաշմանդամ։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա դիմում է էֆենդիին և խնդրում է նրան գոնե ճանապարհածախս տա Պարսկաստան դառնալու, բայց (պարսիկի ասելով) էֆենդին հրամայում է, որ նրան վռնդեն, ծառաները գլորում են նրան յալը-ի պատշգամբից[1] դեպի ծովը, ուր նա հազիվ կարողանում է խեղդվելուց ազատվել՝ կառչելով ափումը ցցված նավակը կապելու ցցին։

— Եվ, — ավելացրեց պարսիկը,— պատշգամում էֆենդին ու յուր խանումը կանգնել՝ քրքիջներով ծիծաղում էին ինձ վրա…

Պատմեց պարսիկը ու լռեց։

— Վկաներ ունի՞ս,— հարցրեց նախագահը պարսիկին։

— Այո, ունիմ…

— Շատ լավ, գնա դուրս մինչև կանչեմ։

Պարսիկին դուրս արին, նախագահը ծառային հրամայեց ներս բերել վկաներից մեկին: Ներս եկավ մի ուրիշ պարսիկ, որ նույն կեղտոտ և կտրտված հագուստն ուներ, սակայն դեռևս կոտրած թև չուներ, թեև նույն գործարանի գործավորներիցն էր։ Դատավորը հարցրեց նրա անունը,

  1. Բոսֆորի վրա դեպի ծովը պարզված պատշգամներով շենքեր են ամառվա բնակությունների համար: