Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ մեր մեջ քանդվել է. ոչ տերն է յուր ծառան ճանաչում և ո՛չ էլ ծառան յուր տիրոջ. ոչ մշակն է աղային ճանապարհ տալիս և ոչ հասարակ գործավորը՝ բեյին. չնչին անարգ ծառան համարձակվում է տրտնջալ էֆենդիների և բեյերի դեմ… Կադի՛ էֆենդի, հանուն արդարության պահանջում եմ խիստ պատժել այս ցած պարսիկին, որ համարձակվում է «զաթը փադիշահան» էֆենդիներին դատարան քարշ տալ… Իսկ եթե դուք չեք անիլ այդ, ես կդիմեմ ավելի բարձր տեղեր, և այնուհետև թող բոլորը հասկանան, որ հեշտ չէ մեզ նման մարդոց բերել և այսպիսի լերկ տախտակյա նստարանների վրա ստիպել նստելու…

Լռեց, ֆեսը ծռեց, ժողովրդի վրա մի հպարտ ակնարկ ձգեց և մի ոտը հառաջ ձգելով՝ սպասեց։

Կադին յուր կողքի դատավորների հետ փոքր-ինչ խոսեց և ապա ասաց գրագրին.

— Նկատելով, որ Խալիլը նախատել է Ահմեդ Նազիմ էֆենդիին՝ ավելացուր, գրագիր, որ արդարության ատյանը վճռում է Խալիլի որդի Հյուսեյնի համար մի ամսվա բանտարկություն և 1 ոսկի տուգանք… ատյանը փակված է…

Այս ասելուց հետո կադին ոտքի ելավ, ձեռքը քսեց մորուքին, ծիծաղեց և մեզ լսելի լինելու չափ բարձր ձայնով ասաց յուր ընկերներին. բայց այնպես, որ կիսովին էլ դեպի ժողովուրդն էր դարձել.

— Փառք աստուծո և նորա փառավոր յալ մարգարեին, աշխարհը կարող է վկայել, որ այս դատը բոլորովին արդար կերպով վճռվեց…

ԵՐԿՐԻ ՁԱՅՆԸ

1

Արևը սաստիկ կիզիչ էր, մանավանդ նավահանգստի վրա, ուր նրա տաքությունը պատերի մեջ մթերված՝ անդրադառնում—այրում էր վրայի աշխատավորներին։

Նրանք կրում էին։ Սև քրտինքը աղբյուրի պես ծորում էր սևացած դեմքերի վրայից։ Վագոնի մեջ մտած Մկոն ու Ակոն կարճ բահերով վերցնում էին մարգանեցի կույտից, լցնում կողովների մեջ, դրսի կողմից մի առ մի առաջ էին գալիս ուրիշները, շալակում կողովները, ու տախտակյա կամուրջից շոգենավ վազելով, դատարկում էին այնտեղ։

Այդ բոլորը կատարվում էր սև, թանձր փոշու մի ամպի մեջ։ Կուլ էին տալիս նոքա ածխային փոշի։ Ոմանք տապից կիսովին մերկացել,