մեջ, հոտը շներին պահ տվել, ինքը գլուխը անուշահոտ ծաղիկների վրա դրել քթածակերը օդի բուրմանը տվել, զեփյուռից հովհարած՝ քնել էր, բարձրահասակ խոտերի հովանու մեջ…
Այնտեղ էլ կեսօր էր, արևը տաք։ Հոտաղները վերադառնում էին։
Մանուկները ոտաբոբիկ վազվզում են աղբյուրիցը տուն, կանայք գույնզգույն հագուստներով տներից ել ու մուտ են անում․ խրճիթների երդիկներից անոսր, համարյա աննշմարելի ծուխ է բարձրանում, կերակուրների հոտը սփռվել էր ամեն կողմ…
Պարտեզի մի ծառի տակ ահա Մարիամը փռել է սփռոցը կանաչ խոտերի վրա, անուշահոտ ծաղիկների կողքին, վճիտ առվակը հոսում-անցնում է նրանց մոտից, եզերքների շուշանն ու նարգիզը օրորվում են փոքրիկ քամուց, որ շարժում է նաև ծառի ճյուղերը և նստողների գլխին սփռում ծաղիկների վերջին թերթերունքները։
Ամառնամուտ է, Մշո սքանչելի, դրախտային ամառնամուտը։ Որպե՜ս երգում են արտույտն ու դեղձանիկը, սարեկն ու ծիծառը, ինչպես օդը լի է անբավ ծաղիկներից գոյացած անուշահոտությամբ։ Հոտ է արտադրում խոտ ու ծառ, նույնիսկ ջուրն ու հողը, ամեն ինչ բուրում է, անու՜շ բուրում…
Եվ այդ բոլորի մեջ նստել է նա մեջքը ծառին տված։ Գաբոն ու Ռկոն՝ որդիները, ցեխոտ ձեռքերով ու երեսներով, հողաթաթախ ոտներով ու մազերով, բայց ուրախ զվարթ ճիչերով, մոտ են վազում, հայրիկի մորուքի հետ խաղում, ծնկների վրա նստում։ Գաբոն իր ցեխից շինած տունն է ուզում ցույց տալ հայրիկին, Ռկոն ուզում է իր փոքրիկ մարգի մասին խոսել… Իսկ Մարիամը՝ իր կինը, առողջ կարմիր թշերով, անկեղծ ժպիտը դեմքին՝ մոտ ենում է նրան, համբուրում է, դնում է նրա առաջ տախտակյա մեծ կուշի մեջ լցրած թանապուրը, երեսին նարգիզի և կապույտ ծաղիկի թերթերունքներով խառն անուշ սոխառածը փռած… Վանա ձուկը իր անուշ հոտով լայնացնում է նրա ռնգունքը, սոխ ու գինձ, սամիթ ու կոտեմ, բողկ ու նանա՝ դիզացած են սփռոցի վրա՝ մի մեծ կտոր բանջարով պանիրի կողքին։
Եվ նա կտրում է հացը, երեսը խաչակնքում, ուտում է թանապուրից, ճաշակում ձկնից, ձեռքի ափովը առվակից ջուր է վերցնում, պապակած կոկորդը թրջում…
Որպիսի՜ անուշահամ ջուր. օ՜հ, որքան քաղցր է նա։ Եվ խմում է անհագությամբ։ Ծարավ է, շա՜տ ծարավ…
…Զարթնեց ու բարձրացավ։ Սև ձեռքով քնաթաթախ՝ սրբեց ճակատը, անորոշ հայացքով ծովի անհունությանը նայեց, ապա պառկեց նորից ու փակեց աչքերը։