Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր, որոնք իրանց այլանդակությամբ ինձ միշտ անտանելի են եղել։

Նա պարզ էր և բնական, ոչ մի կապկային վարմունք, ձեռքերով օդ սղոցել, բարձրաձայն կեղծ քրքիջ, բռնազբոսիկ միմիկաներ, բոլորը՝ «ազատամիտ կին» ձևանալու համար… նա դրանցից չուներ. ինչպես հետո էլ նկատեցի, մինչև իսկ ոչ ֆրազյոր էր և ոչ էլ ամենագետ։

Հենվել էր կայանքին, ժպտում էր և պատասխանիս սպասում։

Նայեցի նրան մի վայրկյան, չեմ հիշում ինչեր անցան իմ մեջ, բայց զգացի, որ այդ արարածր ձգում էր ինձ դեպի իրեն, հմայել էր ինձ։

— Այո, օրիորդ,— ասացի ես աղջկա պես կարմրելով,— Փարիզ եմ գնում։

— Դուք ուսանող եք, ինչպես տեսնում եմ,— խոսեց նա,— իսկույն գուշակեցի… մեր երկրիցն էլ եք, քանի որ ռուսերեն եք խոսում… ասացեք խնդրեմ, քանի՞ արժե արդյոք տոմսակը այստեղից մինչև Ժնև, գիտե՞ք արդյոք։

— Ժնև՞… այո… 38 ֆրանկ արժե, բայց դուք Փարի՞զ եք ուզում գնալ, թե Ժնև։ Մանուկի պես գլուխը շարժեց, խոպոպիքը ետ ձգեց և իր դյութիչ ձայնովը պատասխանեց.

— Ըմ… այսինքն… գիտե՞ք ինչ, իսկն ասած ես ինքս էլ դեռ չգիտեմ ուր գնալ։

Ինչ եզոպոսություն էր այդ. ահագին ճանապարհից մինչև Վիեննա էր եկել և չգիտեր ուր գնալ։

Մոտեցա նրան, և խոսակցություն սկսվեց մեր մեջ, սկսեցինք զբոսնել սրահի մեջ։

— Այսպես ուրեմն,– ասացի ես,– չգիտե՞ք դեռ, թե ուր եք գնալու։

— Ոչ այդպես,— պատասխանեց,— գիտեմ, որ գնալու եմ բժշկություն սովորելու, բայց ահա հարցը… դուք ինչ եք կարծում, որտե՞ղ է լավ դրված համալսարանը, Ժնև՞, թե Փարիզ։

Չգիտեի ինչ պատասխանել, մի րոպե լուռ կեցա. բժշկական ուսանող չէի և Ժնևի մասին էլ, համարյա թե, ոչինչ գիտեի։

— Գիտե՞ք ինչ,— պատասխանեցի վերջապես,— դուք մի դժվար հարց տվիք. իմ կարծիքով միշտ Փարիզումն է, ուր ամեն ինչ լավն է… բայց ես ոչինչ չգիտեմ բժշկական ֆակուլտետի մասին… գիտեմ միայն, որ ունենք աշխարհռչակ պրոֆեսորներ, որպիսիք են Շարկո, Րիբո, Պիեր Ժանե…

Կարծես թե ուզում էի համոզել, որ ինձ հետ գար։ Այդպես էլ էր.