Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա պակասությունը միայն այն էր, որ հեշտությամբ էր կորցնում մտածության թելը, եթե մի դիպված խախտեր նրան: Այդ իսկ պատճառով էլ նա սաստիկ նեղանում էր, եթե ես միջահատում էի նրա դատողությունը կամ չէի կարողանում իսկույն ըմբռնել, թե ի՞նչ է ուզում ասել։

— Խնդրեմ,— ասում էր նա նեղացած,— գերմանացոց պես եղեք, մի միջամտեք ինձ և սպասեցեք մինչև որ ես կատարելապես վերջացնեմ ասելիքս։

Բայց ինքն իսկ չէր պահպանում իր խրատը, երբ ես էի խոսում. անդադար ստիպում էր ինձ՝ ներողամիտ լինել իր վերաբերությամբ:

Մեր խոսած լեզվի հատկությունն էր դրա պատճառը, իսկույն հասկանում էինք միմյանց, դեռ նախադասության կեսը չհասած։ Գերմանացիք սպասում են մինչև վերջացնելը, որովհետև ուրիշ կերպ անել չեն կարող, նրանց լեզվում նախադասությունը կարող է լիովին հակառակ մտքի փոխվել՝ վերջումը մի խոսք միայն դնելով. մի nicht կամ gehabt բավական է, որ ամբողջ նախադասության դրական միտքը բացասականի կամ ներկա ժամանակը անցյալի փոխվի:

Այսպես, Աննայի հետ ամբողջ օրը խոսում էինք։ Ավելի շատ խոսում էր նա՝ քան թե ես, պատմում էր ամեն բան, իր երկրի մասին, իր մտադրությունների մասին, հետո հարցնում էր ինձ Փարիզի ռուս ուսանողների կյանքը և՝ երբ իմացավ, որ ես հրեա չեմ, այլ հայ, ծիծաղելով ասաց.

— Ես մի քանի հայ ուսանողների եմ ճանաչում Մոսկվայում. նրանք լավ մարդիկ չէին. ինձ ասել են, որ հայերը առհասարակ սաստիկ վաճառական, գծուծ մարդիկ… աշխարհիս երկրորդ տեսակ հրեաները… խնդրեմ չնեղանաք, ես իմ լսածս եմ միայն ասում… բայց ես տեսնում եմ, որ դուք լավ մարդ եք… չեմ շողոքորթում:

Երևի որ իսկապես ես նրան չավ էի թվում, որովհետև ոչ միայն ճանապարհին չբաժանվեց ինձնից, այլև Փարիզ հասնելիս, երբ նրան առաջարկեցի իմ տան մեջ գտնվող սենյակը վարձել, ընդունեց:

Տեղավորվելուց հետո ամբողջ օրը այդպիսով կամ ես նրա սենյակումն էի և կամ նա իմ. խոսում էինք, հետզհետե ավելի և ավելի մտերմանում. կարդում էինք միասին, վիճում, ժողովների և երեկույթների միասին գնում, համալսարանում նա իմ դասերիս հաճախում էր ու կողքիս նստում, ես նրա դասերին էի հաճախում և կողքին նստում։

Մի խոսքով սիրում էինք միմյանց, բայց դեռ ոչինչ չէինք խոստովանվել:

Եվ երբ հիշում եմ, թե որպիսի այլանդակ եղավ մեր խոստովանությունը…

Ես հրաժարվում եմ այսօր այլևս գրել: Ինչ օգուտ քրքրել հին վերքերը.