Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես բացվել՝ երկու շարք առողջ ատամներ էին ցույց տալիս:

Լիովին գրավվում էի նրանով, զգում էի, որ այլևս նրանից բաժանվել չէի կարողանալու և, ո՞վ գիտեր, պատրաստ էի ինքս Ժնև գնալ, եթե Փարիզ գալու չլիներ։ Մի քանի րոպե մտածությունից հետո, հանկարծ կանգ առավ նա, արագությամբ հանեց գրպանից դրամապանակը, որ լիքն էր դրամով, տվեց ինձ և ասաց.

- Խնդրեմ՝ երկու տոմսակ գնեցեք մեզ համար։

- Փարիզի՞։

- Այո, Փարիզի. մեկն էլ ընկերուհուս համար, որ ահա ցածում սպասում է. առեք և բերեք ինձ, ես այնտեղ կլինեմ։ Ընկերուհին Վարշավայի մի կաղ ռսուհի էր (ավելի շուտով հրեուհու էր նման), դժգույն, հիվանդոտ, ձկան պես լռակյաց, բացի պետք եղած, բուսական կյանքի վերաբերյալ բառերից, նա ոչ մի խոսք չէր արտասանում, ամբողջ օրը վագոնի լուսամուտի մոտ նստած, լուռ լսում էր մեզ, դուրսն անգամ չէր նայում մեզ հետ, երբ մենք հաճախ հիանում էինք լեռնային տեսարաններովը։ Խելոք աչքեր ուներ, որոնք անգույն և անփայլ ծածկվում էին սպիտակ ակնոցի տակ։ Սկզբում պատկառում էի այդ աղջկանից, ինձ թվում էր գիտուն, որովհետև ես հաճախ մտածել եմ, որ ճշմարիտ գիտունները նրանք են, որոնք ամենից ավելի լռել գիտեն. բայց այդպիսի դեպքում չէ՞ որ համրերը գիտուններ են դուրս գալիս։

Մենք, ես ու Աննան, ոչ համրեր էինք, և ոչ էլ գիտուններ, այնպես որ ամբողջ ճանապարհի ընթացքում խոսակցում էինք։ Ինչի մասին ասես, որ չխոսեցինք: Սկսած սոցիոլոգիականից մինչև գիտական հոգեբանության ամենախոր հարցերը, մանավանդ, սպիրիտիզմի մասին: Բավական վիճեցինք այն հարցի մասին, թե ինչ դեր են խաղում բնական գիտությունները սոցիոլոգիական հարցերի մեջ։ Աննան նրանց դերը ըմբռնել չէր կարողանում (ես չէի զարմանում, որովհետև համալսարանի մեջ այդպիսի պրոֆեսորներ անգամ կային)։ Ես աշխատում էի նրան ըմբռնեք տալ, խոսելով էվոլյուցիայի, դարվինիզմի, լամարկիզմի և այլնի մասին:

Աննան շատ կարդացել էր, բայց հարցերից՝ ընդհանրացումն գոյացնելու դեռ չէր հասել, մի քիչ էլ սխալ ուղղությամբ էր քայլել։ Ճշտությունը նա նշմարում էր. բավական էր նրան մի քանի կտրուկ հարցեր տալ, բերել նրան ճանապարհի վրա, մի մղում (impulsion) և ահա այդ հրաշալի սրամտությամբ աղջիկը այնպիսի խորաթափանց եզրակացությունների, այնպիսի առողջ վճիռների էր հասնում, որ ինձ զմայլեցնում էր: