Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա մի օր եկավ մի լրագիր, որի մեջ տպված էր խոլերայի դեմ կռվող նահատակված զինվորների, ուսանողների և ուսանողուհիների անունները։

Սրտատրոփ կարդացի. ախ, շատերն էին մեռել, բավական շատերը զոհ գնացել։

Եվ իմ Աննան, իմ Աննան էլ դրանց թվումը։

Հեռու, մի գավառի հեռու անկյունում մեռել էր նա իր գործի մեջ, նահատակվելով յուրայինների համար։

Եվ այն օրից, բարեկամ, հաճախ տեսնում եմ ես այդ նահատակին,որ սիրում էր ինձ, այդ չքնաղ ոգուն, որին պաշտում էի ես. տեսնում եմ հաճախ, հեռու… ամպերի վրա թառած, Ռաֆայելի նկարած հրեշտակներից մեկի պես գլուխը թևերի վրա, ոսկեզօծ լուսով թաթախուն, և իր երկնային դյութիչ ժպիտը՝ գողտրիկ, սիրուն դեմքի վրա։

ՉԻ՛ ՍՏԻ

Կայարանի մայթի վրա էլ են շարվում ամեն առավոտ, այդ աղտոտ հագուստով թշվառ կոշկաջինջները։ Սանդուղքների գլխից սկսած, նրանք բռնում են մայթի մի մասը։ Աոաջին տեղը բռնում է լայն դեմքով մի հայ․ Նրանից քիչ հեռու՝ 5—6 հույն պատանիներ, որոնցից երկուսը անդադար կռվում կամ վիճում են. մեկը համր է և «չիստի» բառը կանչելու փոխարեն «ա՛, ա՛, ա՛» է անում, իսկ չորրորդը, որի գծագրությունները ժամանակից առաջ չափահաս եղած մանուկի գծեր են, անցորդներին է զննում ուշադրությամբ, մանավանդ՝ կանանց։

Մենակ այնտեղ չէ կոշկաջինջների տեղը։ Նրանք Բաթումի անցուդարձ ունեցող բոլոր փողոցների անկյուններում կան. անցնելիս նայում են կոշիկիդ և, եթե նրան մաքուր չտեսնեն, խլացնում են ականջդ իրենց կանչերով, հաճախ իսկ իրենց արկղիկը ուսի վրա, խոզանակով ծեծում են նրան և ետևիցդ են գալիս՝ անդադար «չիստի» կանչելով։

— Չի՜ստի…– լսվեց կողքիցս, երբ բարեկամիս հետ կայարանի մայթի վրա էինք։

- Կողքիդ նայիր— ասաց բարեկամս— կոշկաջինջը հայրենակիցդ է։

Նայում եմ և այդ գեր դեմքով հայի մեջ տեսնում եմ վաղուցվա ծանոթ փիլիսոփա Մանուկին։ Տասը տարի առաջ, ուսին մի մեծ տակառ, քարշ էր տալիս նա Թիֆլիսի փողոցներով և «Գարյաչի բո՛ւլկի» էր աղաղակում. իսկ այժմ կայարանի մայթի վրա և Բաթումի փողոցներում ման գալով, խոզանակով արկղիկն է ծեծում ու «չի՜ստի» ձայնում։