Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևի փիլիսոփա Մանուկին վիճակված էր միշտ քարշ գալ և միշտ աղաղակել. ապրել էր պետք։ Անցլալ օր էլ մի Մարտիրոսի ցույց տվին ինձ, որ նավամատույցի վրա նստած, չճանաչվելու համար գլխարկը մինչև աչքերը իջեցրել, ակնարկը միշտ դեպի ցած, կոշիկներ էր սրբում, «չիստի» գոչում։ Վենետիկի դպրոցից էր այդ Մարտիրոսը, և ով ինձ նրան ցույց տվավ, պատկառանքով էր խոսում նրա մասին։

Ապրել է պետք. ստամոքսը ոչ փիլիսոփա է ճանաչում և ոչ էլ Վենետիկի դպրոց, նա միայն ուտել է ուզում:

Նայեցի Մանուկին։ Նա էլ ինձ տեսավ, ճանաչեց, հայացքը ուրիշ կողմ դարձրեց և դադարեց «չիստի» կանչելուց։

Մոտեցա ու ոտքս դրի նրա արկղիկի վրա։ Հանեց լռությամբ խոզանակները, երեսիս չէր նայում, վարտիքիս ծայրերը դարձրեց ու սկսեց սրբել։

— Որտե՞ղ էիր այսքան ժամանակ,— հարցրի մեղմությամբ։

Ցնցվեց, բայց առանց վեր նայելու կմկմաց.

— Կոշիկ եմ սրբում։

Երկուսս էլ լռեցինք։ Հույն պատանին, որ մի լավ զննել էր ինձ, այժմ վիզը երկարացրել, աշխատում էր գրպանիս եղած գիրքը զննել։

— Գիտե՞ս,— խոսեցի քիչ հետո,— Թիֆլիսից եմ գալիս, այնտեղ Էյնաթենց Տիգրանին տեսա…

— Է,— արեց նա։

— Բուլկի էր ծախում… Ի՞նչ է եղել նրանց, սնանկացե՞լ են։

- Եղբոր փողերը հատա՞վ արդյոք,– ավելացրեց նա,— ոտքդ քիչ պինդ կոխիր… աստված արդյոք իր դատաստանը կատարե՞ց վերջապես, խո գիտես նրա եղբոր արածները։

— Լսել եմ։

- Լսածդ ի՞նչ կլինի որ… պիտի տեսնել, իր վրա փորձել։ Նրա արածները երկնքին սյուն եղան, սյո՜ւն…

— Քո փողե՞րն էլ է կերել։

— Իհարկե… բայց քիչ. ինձ շատ խաբել չկարողացավ, դրա համար էլ ինձ մատնեց, քիչ մնաց բռնել տար երկրում։

— Ես շատ եմ լսել նրա մասին,– ասացի ես,– բայց զարմանում եմ, թե ինչպես կարող է մարդ այսպես ժամանակ և իր դառն քրտինքը աչքերը բաց ուրիշի ձեռքը տալ։

— Չտվիր՝ ի՞նչ կանես, մոտն ես գործում, փողը իրեն չես տա, կասի՝ «ինձ չե՞ս հավատում, դեհ, որ չես հավատում, գնա, ինձ մոտ էլ մի ծառայի»։ Ի՞նչ կարող ես անել: Չափում ես, կշռում և մտածում ես.