«Չտամ, ինձ դուրս կանի, թե որ տամ, գուցե խղճա ու ուտի… ուրեմն տամ, գուցե չուտի…» և տալիս ես։
— Առանց ստորագրությա՞ն։
— Ստորագրությո՞ւնը որն է. «նրան չե՞ս հավատում, գո՞ղ ես համարում, որ ստորագրություն էլ ես ուզում, քանի՞ քեզպեսների փող կա նրա մոտ. 10—15 տարի է սաղ վանեցոց ու աշխարհին էլ հայտնի է, որ Էյնաթենց Կարապետը փող ուտող մարդ չէ, որ…»։ Ահա թե ինչ կասի քեզ։ Բացի դրանից, շատ էլ ստորագրություն եղավ, ի՞նչ կարող ես անել։ Դատ բանալը հե՞շտ բան է. չէ՞ որ եթե հարյուր մանեթ առնելիք ունենաս, երկու հարյուր էլ դատի ծախս պետք է քեզ… Երկիր փող ուղարկելու համար ստորագրությո՞ւնը որն է։
— Քե՞զ ինչ է արել նա:
— Ինձ շատ բան չի արել… կոշիկներդ, գիտե՞ս, հալից ընկել են, կրունկները փոխել տուր… Ուզեց շան պես դատածս, մի քիչ ունեցածս ձեռքիցս խլել՝ չկարողացավ, չտվի, վարպետ եղա. մոտիցն էլ շուտ դուրս եկա, ինձ և մյուսներին, օրինակ, ասել էր, որ իր տված բուլկիներից քանի հատ որ մնաց ամեն երեկո, պիտի ետ առներ։ 3—4 օր լավ է… մեկ օր էլ բարկացավ. «Շան որդիներ,— ասաց, — ձեր քարթու հացերը ե՞ս պիտի սաղացնեմ, հոգիներդ դուրս գա՝ ման եկեք ու ծախեք»։ Ասում էր. «ման եկեք»… Առավոտյան ժամը վեցից, երբեմն հինգից մինչև 11, կեսօրից հետո 4-ից մինչև 9-ը էլ տեղ չէր մնում, առանց կանգնելու ման էինք գալիս, ձայներս կտրվում էր գոռալուց. թափառական հրեայի պես և մի րոպե մի դռան շեմքի վրա նստել չէինք կարող… «քալե, քալե»,— գոչում էր մեզ մեր ստամոքսը, «քալե»,— ձայնում էր աղան… և մենք քայլում էինք, անդադար քայլում… ըշտե այսպես ենք ապրում մենք… Մյուս ոտքդ բեր, աս լմնցավ։
Պահ մի մեզնից ոչ ոք չխոսեց, ես տվի մյուս ոտքս, նա ներկը քսեց և երբ խոզանակով սկսեց շփել, շարունակեց.
— Ըշտե ասանկ, աղաս… օրը մինչև երեկո, վեց ամիս անդադար քալեցի ու քալեցի, գռռացի ու կանչեցի, հացպանրից ու երբեմն էլ ասորի կամ պարսիկ խոհարարների աղտոտ կերակուրներից զատ բան չկերա… քիչ փող ետ ձգեցի։
— Որքա՞ն։
— Հիսուն մանեթ… լավ փող էր, կարող էի երկիր վերադառնալ, մի թեթև գործ բռնել։
— Է, ինչո՞ւ չվերադարձար։
— Հիվանդացա, ունեցածս էլ կերա ու մի քիչ էլ պարտք արի. շատ էի «քայլել»…