Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետաքրքիր մի տեսարան էլ չէ, ոչ էլ գեղարվեստական. սարսափելի է միայն. արևը մի ճեղքից քիչ խփելու ժամանակ իսկույն ամեն հնարք գործ դրի, որ վարագույրները գնդասեղով և այլն միացնեմ ու ճառագայթի մուտքն արգելեմ, իսկ ինձնից քիչ հեռու, առավոտյանից ի վեր, 7 ժամ անընդհատ կատարյալ արևի մեջ քար են փշրում երկու խղճալի արարածներ։

Արդյոք ի՞նչ պիտի ստանային ամբողջ օրվա այդ տանջանքի համար։ Խոսում էին. սկսեցի լսել, որ գուցե հարցիս պատասխանը իմանալ հաջողվեր ինձ։

Լսելու համար քիչ ծռվեցի դեպի փողոցը։

Այդ միջոցին էր, որ մի սուր ձայն լսվեց։

— Բուլկի,— աղաղակում էր մեկը, որ մի մեծ սակառ աջ ուսին, կքված նրա ծանրության տակ, ձեռքի փայտը իբր հենարան գործ ածելով, բարձրանում էր փողոցն ի վեր, անցնելով ճիշտ քար փշրողների կողքից։

— Բուլկի՛,— կրկնեց նա ակնարկը մեքենայորեն քար փշրողներին դարձրած։

— Ի՞նչ.— հարցրեց պարսիկներից մեկը և մուրճը ցած դրեց,– բուլկի… դա ի՞նչ բան է։

Հաց ծախողը կանգ առավ նրանց կողքին։

— Հաց է,— ասաց։

— Բաս հացը այդպե՞ս կծախեն։

Մյուս պարսիկն էլ դադարեց, մուրճը գետին դրեց ու դառնալով ընկերին նկատեց անհամբերությամբ.

— Չես հասկանում, Մահմեդ, դա չայի հաց է։

— Ցույց տուր, նայենք,— ասաց Մահմեդը հաց ծախողին:

Վերջինս երևի հոգնել էր և մի փոքրիկ առիթի էր սպասում, որ սակառը ցած դնի։ Ցած էլ դրեց, բայց երեսի ծածկոցը չհանեց։

— Բաց, տեսնենք,— հարեց Մահմեդը պարսկական հատուկ համարձակությամբ,— տեսնենք ինչ տեսակ հաց է։

— Խո չեք առնելու, էլ ինչո՞ւ բանամ։

Մյուս պարսիկը վիրավորվեց։

— Ինչից գիտես, որ չենք առնելու, ա՛յ, հա՛յ:

Հայ էր ծախողը, կռացավ և սակառի ծածկոցը ետ քաշեց.

— Ահա տեսեք,— ասաց,— բուլկի է էլի:

Սակառը լիքն էր բուլկիներով, նոր էին եփված ու մի շատ անուշ հոտ փչեցին պարսիկի քթածակերի մեջ. շատերի երեսի կարմրության վրա մարգարիտների պես փայլփլում էին շաքարավազի հատիկներ: