Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձգելու անգամ չէին մտածիլ, որովհետև տնտեսագետ էին երևում, չէ՞ որ միշտ քարերի վրա էին նստում։

Ոտքերի կոշիկները՝ տրեխներ, պատած էին հաստ կաշու կտորներով, որովհետև քարերին շատ էին շփում ոտքերը։ Նստել էին ոտները պարզած դեպի առաջ․ դնում էին քարի մեծ կտորը, ոտքերով բռնում, իսկ կռանով ջարդում․ ջարդելուց հետո ոտներով հրում և ետ տալիս, ահա նրանց պարբերական ամբողջ գործողությունը։

Կիզիչ արևը այրում էր նրանց մեջքը ետևից․ երևի միշտ էլ այդ դիրքով էին նստում նրանք, որովհետև նրանց լերկ վիզը ետևից հասել էր նեգրային սևության։ Սև էր դեմքերն ու ձեռքերը․ դեմքը թշվառներին հատուկ խոր կնճիռներով լիքը, աչքերն արյունով լցված, քթերի կաշին պոգոճկված, այտերը այրված, ձեռները հողոտ ու կոշտ, ոտների ոլոկներն աղտոտ ու թուխ։

Երբ ես զննում էի այդ բոլորը, իմ մեջ հարց ծագեց, թե արդյոք որքանո՞վ են վճարվում նրանք այն փոքրիկ ջարդված քարից պիրամիդի համար, որոնցից ամեն ոք կարող է տեսնել խճուղիների կողքին։ Հետո էլի մի հարց գոյացավ այդ հարցից, այն է, թե օրական արդյոք քանի՞ պիրամիդ կարող էին ջարդել երկուսը միասին։ Մտաբերեցի, որ մի քանի տարի առաջ էլ այդ հարցը հետաքրքրել էր ինձ, հարցրել էի, գիտեի, աշխատեցի հիշել, բայց մոռացել էի։

Նայում էի անընդհատ։ Նկատեցի իսկույն, որ կտրտվող քարերը լավ կարծր էին. պետք է, որ որձաքար լինեին, բայց կային և գրանիտի կտորներ, որովհետև դեսուդեն էին ցայտում հաճախ կրիստալային կազմվածքներ, որոնց մուրճի 5—6 հարվածներ հազիվ էին կտոր-կտոր անում:

Ո՜ւֆ, ի՞նչ դժվար գործ էր։ Արևի տակ, այդպես անհարմար կերպով նստած և անդադար միևնույն տաղտկացուցիչ գործը։ Ինձ եթե մի պիրամիդի համար 10 ռուբլի իսկ տային՝ չէի անիլ։

Այստեղ հիշեցի, որ բարեկամիս ծառան խմելու սառը ջուր մատակարարելու համար, պահ մ’առաջ երկու վեդրոներ կախ էր արել մի կոր ճկուն փայտից, լցրել էր նրանց ջրով և վերադառնում էր մի վերստ հեռու աղբյուրից։ Հևում էր քրտնաթոր, ծնկները կքվում էին և ես մտածում էի, թե որքան սոսկալի բան կլիներ, եթե ինձ ստիպեին այդ գործը կատարել։ Բարեկամս ասում էր, որ 100 ռուբլի էլ տային, ինքը չէր անիլ այդ։ Կուզենայի, որ նա դուրս գար, և ես նրա ուշադրությունը հրավիրեի քար փշրողների վրա։ Անշուշտ, նա այդպիսիների հարյուր անգամ տեսած կլիներ. տեսած կլինեն շատերը, միշտ էլ տեսնում ենք. բայց ոչ մի ժամանակ առանձնապես կանգնած, գոնե ես, չէի դիտել այդ տեսարանը։