Բո՛,-բացականչեց Մահմեդը իսկույն. անհետացավ դեմքի անձկալի արտահայտությունը,— այդքան թա՞նկ,— կրկնեց նա, հետո մուրճը ձեռքն առավ և մեղմ ձայնով ավելացրեց։
- Չեմ ուզում, գնա. դեհ, գնա, էլի՜։
Հաց ծախողը նրան նայեց մի քիչ, հետո.
— Գնում եմ էլի,— ասաց,— ինչո՞ւ ես բարկանում:
Հեռանալ սկսեց։
— Երեք կոպեկով չե՞ս տալ,— գոռաց նրա ետևից Շիրինը։
— Ո՛չ, չեմ ուզում, թող գնա,— վրա տվեց Մահմեդը, կատաղությամբ մուրճը քարին խփելով։
— Ո՛չ, պակաս չի լինիլ,— գոռաց հաց ծախողը, որ հեռանում էր:
Նա գնում էր դեպի դիմացի տունը, երևի այնտեղ նստող աստիճանավորին սուրճի համար հաց տալու։
Շիրինն էլ էր տաքացել և բարկությամբ յուր մուրճը քարի կտորներին էր խփում։ Քիչ հետո դարձավ և նայեց Մահմեդին, հետո հաց ծախողի ետևից գոռաց.
— Երկուսին յոթ կոպեկ տամ, բեր։
Այս անգամ Մահմեդը ձայն չհանեց։ Հաց ծախողը հեռացավ և մտավ մեծ տան մեջ։
— Արդյոք ովքե՞ր են ուտում այդ տեսակ հացը,— խոսեց Մահմեդը։
— Ովքե՞ր,— պատասխանեց Շիրինը,— շատ պարզ է, աստիճանավորներ և հարուստներ։
— Մոռացավ կրոնավորները,— մտածեցի ես։
— Իսկ մեզ պես աղքատները,— շարունակեց Շիրինը,— դրա համն էլ առնելու իրավունք չունին։
— Հինգ կոպեկ.— մռմռաց Մահմեդը,— ինչքան էլ փոքր էր, մի բրտուճ կարելի էր անել միայն։
Սկսեցին պահ մի լռությամբ քար ջարդել, որից հետո Մահմեդը նորից խզեց լռությունը.
— Քաղցած չե՞ս,— հարցրեց նա Շիրինին։
— Ուտենք։
Մուրճերը ցած դրին. Շիրինը վերցրեց կարմիր թաշկինակով կապած հացը, բաց արավ, տարածեց քարերի վրա և սկսեցին հաց ուտել:
Միայն ցամաք հաց էր, Մահմեդը ախորժակով էր ուտում և հաճախ նայում էր դեպի աստիճանավորի տունը, ուր մտել էր բուլկի ծախողը: