Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեր կացա ներս մտնելու։

Վերջին խոսքը, որ լսեցի, դա Մահմեդի խոսքերն էին, միացած մի խոր հառաչի հետ։

― Էհ…— ասում էր նա խորին տխրության շեշտով,— երևի մեր ճակատագիրն այդ է… տեսնել և չկարողանալ վայելել։


Գիշերային ժամերգություն

Տըլը՛նգ, տըլը՛նգ, տըլը՛նգ…

Զարթնում եմ։ Ձյունի սպիտակությունն ու աղոթարանի լույսը լուսնկայի պես հում լույսով ողողել են սենյակս։ Մոտ եմ գնում լուս ամուտին և փողոց նայում։ Ասաղերից շատերը դեռ պսպղում են երկնակամարի վրա. խոր լռություն է տիրում, ձյունի սպիտակությունը լուսավորել է Վան քաղաքի Խաչ-փողանի այդ մեծ ծառուղին, ծառերը ծանրաբեռնված ձյունով՝ ճյուղերը խոնարհել են գետին, և փողոցի ձախ կողմի կածանով քայլող միակ անձն այդ միջոցին Հայնկույսներ եկեղեցվո ժամկոչ Սահակն է։

Քայլելով սերտ ձյունի վրա, թևից քաշ արած տանձենու տախտակին ուժգին հարվածներ է հասցնում նա փայտյա մուրճով, հետո գլուխը ցցում և զիլ ձայնով երգում.

— Ո՜վ բարեպաշտ ժողովուրդ, ժամ հրամմեցեք…

Ու… տըլը՛նգ, տըլը՛նգ, տըլը՛նգ…

Որքա՜ն քաղցր ձայն ունի անպիտանը և որքա՜ն ոգևորությամբ է երգում։ Երբ վերջացնում է, կանգ է առնում յուրաքանչյուր դռան առաջ, բարձրացնում է կռանը և երեք ուժգին հարվածներով բախում։

Այդ նույն պահին լսվում են հեռավոր թաղերից խուլ, այլևայլ շեշտերով հրավերներ, կոչնակի ձայներ և դռների բախումն։

Տըլը՛նդ, տըլը՛նգ, տըլը՛նգ…

Հագնվում եմ։ Չնայելով, որ ցուրտ է, իջնում եմ փողոց և առվի վրա կռացած՝ սկսում եմ լվացվել։ Ամայի, մշուշային լույսով փողոցի մեջ մեկ-մեկ երևում են մարդիկ, ճռնչում են դռներ, նրանցից դուրս են գալիս մանուկներ, որոնք խշրտացնում են ձյունը, քայլում ձյունից սրթսրթացող ծառերի տակից և իջնում դեպի ձորակի եկեղեցին. ժամկոչը վերջացնում է և կամ հոգնել է դռներ ծեծելուց և իր ծանր կոշիկներդ քարշ տալով անցնում է մեր դռան առջևից։

— Բարի լույս, Սահակ ախպեր,— ձայնում եմ նրան՝ կկզած առվակի եզրին: