Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խե՜ղճ տեր Ստեփան։

Եվ ահա լույսն այդ պահուն դրսում բացված, կիսովին դռնից ու բարձրագիր լուսամուտների ապակիներից աղոտ կերպով ներս է թափանցում:

Եկեղեցին լցվում է հետզհետե։ Հասնում են ծերեր, պատանիներ, մանուկներ։ Ամեն կողմ ծնրադնողներ, կրծահարներ, պատկերապաշտներ ու մոմ վառող-խաչակնքողներ։ Հաճախ լսվում են խուլ մռմռոցներ։

Ոմանք մեղմ ձայնով երդում են տիրացուների հետ կամ անգիր կարդում քահանայի հետ։ Երբեմն, մի հեռավոր անկյունից, տարածվում է հորանջելու ձգված ձայն և երբեմն էլ որևէ բարեպաշտ, երկար աղոթք փսփսալուց հետո, հանկարծ բերանը բաց է անում և հորանջելու միջից ձայնում.

— Տե՛ր-ողորմյա, տեր-ողորմյա՛…

Դրսում՝ դռան առաջ երևում են կազմվող և ապա քանդվող խմբեր։ Եկողներ են, որոնք պահ մի կանգ են առնում, միմյանց բարևում, մի քանի խոսք փոխանակում, ապա դռան քարե շրջանակը համբուրում և խաչակնքելով ներս գալիս։ Վանդակորմից երևում են կանայք, որոնք ծալում են նախ սպիտակ սավանները, թևի տակ դնում, ապա կարմիր երկար շապիկով կանգնած՝ սկսում են մի քչփչոց, որ ընդհատվում է կրծահար պառավների աղիողորմ աղոթքներով.

— Մեղա՛ ամենայնի, տե՛ր…

— … Արարի՛չ աստված, թող զմեղս իմ…

— Հա՛յր երկնավոր, մեղուցյալ եմ առաջի քո…

Միշտ մեղավոր են ճանաչում իրենց և համոզված են այդ բանում. ուրեմն և զարնվելու, պատժվելու, պատուհասի արժանի…

Այդպես էին աղոթում կանայք վերևում, այդպես էլ տղամարդիկ՝ ներքևում…

Ի՞նչ են եղել արդյոք այժմ այդ բոլորը՝ եկեղեցին ու ձորը. արդյոք ո՞վ է կենդանի մնացել այդ ծանոթ, վշտերով լի, բայց ջերմեռանդ ծերունի դեմքերից, այդ կտրիճ երիտասարդներից, այդ առողջ, բարեպաշտությամբ աղոթքի կանգնած կանանցից…

Արդյոք հունիսյան այն սև-սև օրերից հետո ձեզնից մեկնումեկը ազատվե՞ց ձեր բազմադարյան ջերմեռանդության, կրծահարության և «մեղավորության» շնորհիվ…