Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդներին էր. ամենքի մոտ կար պոզիկով (հողե աման) գինի, մազա… քիչ հետո գտնվեց նաև սրնգահարը, և ահա սկսվեց երգ ու պար։ Պոլսեցին ուրախությունից կորցրել էր իրեն։

Պարի համար վեր թռան տաս-տասնհինգ հոգի, ձեռք ձեռքի տվին, փողհարը մեջտեղ անցավ։ Սկսելով ծանր, հանդարտ ու շորոր՝ ըստ սովորականին, ժողովրդական կաքավը աստիճանաբար աշխուժանում էր, թեթևանում, ոստոստուն դառնում։ Պարողները ոգևորվում էին միմյանց ձեռքից բռնած՝ մեծ կիսաշրջանով ցատկոտում էին նրանք խարույկի շուրջը։

Քիչ-քիչ կայտառացան ու մեծացան ոստումները, դեմքերը լուսավորված խարույկի մթնշաղախ կարմիր լույսով, վառվռուն ջղերը ուռած քրտնաթոր, աչքերը շողշողուն ու շարժուն, նրանք ծռմռվում էին, ոստոստում կատաղի արագությամբ և խռպոտ ու ընդհատ ձայներով երգում…

Եվ այդ պարը երկարում էր, աճում ու մեծանում։ Կռանում էին գլուխներ, բարձրանում, մարմինները ճկվում, ոլորվում ամեն ուղղությամբ, ոտները բարձրանում ու իջնում, և շղթան օձապտույտ չվանի պես ձգվում էր՝ սահում ճաթճթող խարույկի շուրջը…

Ո՛չ ես էի խոսում, ո՛չ Կարապետը։ Մեզ գրավել էին էքստազի հասած կատաղի պարն ու պարողների վայրենի շարժվածքները։ Պոլսեցին ապշած նայում էր. սկզբում փորձել էր մասնակցել, բայց երկու անգամ քարշ էր եկել գետնի վրա, իսկ հետո նրան դուրս էին շպրտել շղթայի միջից…

Եվ ահա այդ ժամանակն էր, որ հանկարծ մի գյուղացի, հուզված ու շնչասպառ ցատկեց շրջանի մեջ մտավ և սրան-նրան նայելով գոչեց.

-Ո՞ւր է ռեսը։

Փողհարը կանգ առավ, պարողները դադար առին, շրջանը խորտակվեց։

Եվ մինչ ամեն ոք իր քրտինքն էր սրբում, ռես Սարոն մոտեցավ եկող գյուղացուն.

- Ինչ կա, Կարո՛, — հարցրեց նա։

- Շուտ,— գոչեց գյուղացին, — գնանք,— հարկահանը գյուղ մտավ…

Այդ լուրը կայծակի ազդեցություն թողեց, մի րոպե ամեն ինչ քարացավ, հետո ամենքը վեր ցատկեցին։ Համփաները[1] իսկույն ցրվեցին, ռեսը երկու ոստյունով դուրս թռավ այգուց, և պարողները անհետացան դեպի մութ կողմերը։

- Տղերք,— կանչեց հորեղբայրս, — շուտ խարույկը մարեք, քանի հարկահանը չի իմացել…

  1. գյուղական իշխանները։