Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնոջն ուշքի բերինք և մանուկների հետ տարանք մեզ մոտ։ Բոլորը զարթնել էին, բոլորի կրծքից դուրս թռավ մի խոր ցավակցական ու սոսկումի բացականչություն։

Կրակի լույսով տեսա կնոջը։ Իր գունատության մեջ գեղեցիկ էր նա. բայց որքա՜ն վշտալից, որքա՜ն տանջված։ Հիշեցի իսկույն, որ տեսել էի թե՛ նրան և թե՛ մանուկներին։

Մի վայրկյան չմտաբերեցի, թե որտե՛ղ։ Ընկերներիցս մեկը ավելի շուտ հիշեց։

— Ա՜խ,— գոչեց նա,— Խնուսի լեռների մեջ հանդիպած թշվառներիցն են։

Նրանք էին․ նույն երիտասարդ կինը և իր մանուկները։ Միայն դրանք էին մնացել այն մեծ խմբից, որոնք ճողոպրել էին Խնուսի գյուղերից։

— Ուրեմն մի ամիս է, որ թափառո՞ւմ եք,— հարցրի։

— Այո,– ասաց կինը,– ուզում էինք սահմանն անցնել, ազատ հողի վրա ելնել… հասել էինք, բայց երեկ մեզ վրա տվին մի խումբ ու կոտորեցին…

Հուզմունքից շարունակել չկարողացավ և արտասվեց։ Արտասուք չուներ, դեմքն էր ծռմռկում սրտաճմլիկ կերպով և խռպոտ ձայներ հանում…

— Ի՞նչ պիտի անես այժմ,— հարցրի։

— Չգիտեմ… Ինչո՞ւ չթողիք մեռնեինք այնտեղ, այժմ ես էլ ի՞նչպես ապրեմ, ի՞նչ երեսով արև տեսնեմ…

Մանուկները կպել էին նրան ու հեկեկում էին։

Կռացավ ու ջղաձգությամբ սկսեց համբուրել աղջկան։

— Տարե՜ք մեզ, տարե՜ք ձգեք, ուր որ կուզեք,— շարունակեց նա,— ես կյանք չեմ ուզում, բայց սրանց համար կապրեմ, կգործեմ. տարե՜ք մեզ…

Հետո կծկվեց ու էլ չխոսեց։

Կրակը մարեցինք, ելանք ձի հեծանք, մեզնից մեկը գավակն առավ կնոջը, մյուսները՝ մանուկներին: Ամբողջ գիշերը ճանապարհ գնացինք և լուսածագին սահմանն անցանք ու դրինք նրանց մի գյուղի մեջ։

Թշվառ կինը ջերմի մեջ էր. ստիպված էինք գյուղացոց խնամքին հանձնել նրանց և անցնել։

Ահա այդպես էր, որ երկրորդ անգամ հանդիպեցի այն խմբին, որից ողջ էին մնացել միայն մի լլկված կին և երկու որբուկներ…