Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլխավորն էլ երևի լսել էր, որովհետև ոստյունով վեր թռավ ու գոչեց։

— Ո՞վ էր այն։

— Դու է՞լ լսեցիր, – հարցրի ես։

— Լաց էին լինում, կարծես… — ասաց նա։

Ու նստեց։ Նրանց էլ երևի տանջում էին կոշմարներ։ Ձայնն էլ չլսվեց, երևի երկուսս էլ երազել էինք միայն, այդպես ժամանակ և այդպես ամայի տեղում ո՞վ կարող էր լինել։

-Կուզե՞ս ճանապարհ ընկնենք,— ասացի գլխավորին,— եթե գիշերով գնանք, վաղն առավոտ սահմանը կանցնենք։

— Ո՛չ,– ասաց նա,— տղերքը հոգնած են, թող քնեն։ Դո՞ւ ինչու չես քնում։

— Չեմ կարող, ինձ թվում է, թե շուրջս էլի կոտորում են, այրում։ Գլխավորը մռայլ՝ գլուխը քարի վրա դրավ և աչքերը փակեց։

Բայց հազիվ թե մի վայրկյան լուռ էինք, որ ցնցվեց, վեր թռավ ու ասաց․

— Ո՛չ, երազ չէ սա… Լաց են լինում այնտեղ հեռու… լսում եմ ահա նորից։

Եվ ցույց տվավ բլրակի մյուս կողմը։

Ես չէի լսում։

— Ականջդ գետնին դիր։

Կռացա ու կպա գետնին։ Մի թույլ ճիչ, կարծես անդունդների խորքից գալով, խտղտացրեց ականջս։

— Այո՛,— ասացի,— լալիս են. մանկական ձայն է։

Ու երկուսս էլ ելանք։ Գլխավորը զարթնեցրեց ընկերներիցս մեկին, պատմեց եղածը, խնդրեց զգույշ քնել, և երկուսս միասին գնացինք դեպի ձայնը։ Երկար չփնտրեցինք, քանի մոտ էինք գնում, որոշ կերպով լսվում էր լացի ձայնը, հատած ու ժանգոտ մանկական ձայն, որ լուռ գիշերվա մեջ սարսուռ էր ազդում։

Բլուրը շրջելուն պես, առվակն ի վեր գնալով, հասանք մի կանաչ հարթության։

Մի քստմնեցուցիչ տեսարան փակեց մեր ճանապարհը։ Ջրի եզրին, արյան լճակների մեջ, խողխողված ընկել էին մի քանի դիակներ… Ապա քիչ հեռու՝ երկու կանայք, մեկը սպանված պառավ, մյուսը երիտասարդ՝ ուշագնաց և սոսկալի դրության մեջ, տանջած ու ձգած, և դրանց կողքին երկու մանուկներ, որոնցից 3—4 տարեկան աղջիկը ընկած մոր կրծքի վրա՝ հեկեկում էր, իսկ մյուսը, մի տասնամյա տղա, կանգնած սարսափահար դողում էր ու գժվածի պես գոռում, ճչում…