մյուսը՝ մի գազաչափ տեղ բաց թողնելու: Այսպիսով էլ ոչխարների անցնելը անհնար դարձնելու։
— 0՜, չա՜ր էր աղան. հպարտ էր, հպա՜րտ։
Այդ խայտառակությունն արեց չար աղան։ Հասոյին աշտարակի ծայրը հանեց, Զալխեին՝ պատշգամբի վրա, ու ասաց հովվին.
— Ահա Զալխեն, խրախուսվի՛ր. հալալ է քեզ նա, թե ասածս արիր:
Զալխեն տեսավ Հասոյին, ժպտաց նրան, կարմրեց և նշան արավ, իմացավ հովիվը, որ Զալխեն էլ սիրում էր իրեն։ Սիրտն ուրախությունով լցվեց։ Առավ սրինգը, բերնին դրեց, քոլոզը ծռեց, նվագն սկսեց։
Թնդաց սար ու ձոր, շարժվեցին ծառեր, դողացին քարեր։ Հուզվեց չար աղան, խելահեղ՝ Զալխեն. քիչ մնաց թռներ ու ցած գնար, ոչխարի պես ընկներ Հասոյի ոտքերը։
Շարժվեցին ոչխարները, մոտեցան սանդուղքին ու սկսեցին միմյանց ետևից բարձրանալ աշտարակն ի վեր։
* * *
— Լո, լո՜, լո՜, Սև-ջրի չոբան, սար ու ձոր մղկտացնող ջիվան, գազան մեղմացնող, քար ու ծառ հուզող չոբան։ Ինչո՞ւ հիմարի պես հավատացիր աղային, ինչո՞ւ բարձրացար ծայրն աշտարակի։ Ջո՜ւր դառնայիր մորդ փորում, Հասո՜: Երանի չմտնեիր այս աշխարհը, որ լի է աղաներով։ Երանի չտեսնեիր արևի փայլը, որ քեզ այրեց, խորովեց, Սև-ջրի ալիքները, որ քեզ տրորեց, շամբի օրորվելը, որ քեզ կախարդեց։
Լո՜, լո՜, լո՜… Մի՞թե քուրդն այնքա՜ն անազնիվ եղավ, որ սերը ծաղրեց։ Մի՞թե նրա խիղճը կորավ, աստվածը մոռցավ։ Խեղճ Հասոյին ինչո՞ւ շեյթանի բաժին արավ, աշխարհը լաց ու սուգի մեջ դրավ… Լո՜, լո՜…
* * *
Հա՛ բարձրանում էին ոչխարները, հրում միմյանց. սրնգի ձայնից դյութված՝ մոռանում էին տակի անդունդը։ Աչքերը Հասոյին ուղղած բարձրանում էին։
Աշխարհը զմայլած՝ դիտում էր։ Չար աղան քար էր կտրել, Զալխևն մինչև կես մեջքը կռացել, ձեռները Հասոյին պարզել գոչում էր.
— Ես քոնն եմ, Հասո՜, քոնը հավիտյան։ Ես քեզ սիրում եմ. այնքա՜ն եմ սիրում, որքան չէր սիրում Լեյլան Մեջլունին։ Ես քեզ սիրում եմ,