այնքա՜ն եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, աշխա՛րհն արևին և բույսը հողին։
Դո՛ւ ես իմ ճրագը, դո՛ւ ես իմ վարդը, դո՛ւ իմ արևն ու դու իմ հողը…
Լսում էր Հասոն, սիրտը խշխշում: Ածում էր, ածում, նվագն ուժովցնում:
Հասավ ների[1] այծը կոտրած աստիճանին, զգաց, որ մահը աչքի առաջն է, բայց դյութված էր, ոտքը դրեց փայտի վրա:
Շարժվեց փայտը, լսվեց մի մայուն, և սիրուն ներին, պտույտ գործելով օդի մեջ, գնաց ջախջախվելու անդունդի քարերի վրա:
Մղկտաց Հասոն, – Հեյ վա՜խ, իմ սիրո՛ւն ների, – կանչեց սրտաբուխ: Բայց աչքը երբ Զալխեին ընկավ, մոռցավ ներիին, Սրինգը դրեց բերնին և սկսեց ածել։
Ոչխարները տեսան ներիի վիճակը. կանգ աոան, մտածեցին ետ գնալ, բայց դյութված էին, առաջ գնացին։
Փորձեց առաջին ոչխարը, ետ-ետ քաշվեց, առջևի ոտքերը բարձրացրեց և ուզեց թռնել: Մի մայուն արձակեց և գնաց այծի ետևից:
- Վա՜խ, վա՜խ, իմ անմե՜ղ ոչխար, – մղկտաց Հասոն:
Նայեց Զալխեին, մոոցավ ոչխարին, ուժ տվավ նվագին։
Փորձեց երկրորդ ոչխարը, մինչև իսկ թռավ, բայց կպավ աստիճանին, մի պտույտ գործեց, խղճուկ կերպով մայեց և գնաց դեպի խոր անդունդը։
- Թռե՛ք, անցե՛ք, իմ սիրո՜ւն ոչխարներ, – երգում էր Հասոն. – թռե՛ք, իմ թավամա՛զ գառնուկներ, եկե՛ք ձեր տիրոջ մոտ:
Ոչխարները է՛լ չէին շարժվում, ետ-ետ էին գնում։
Կատաղեց Հասոն՝ բացվածքը չէր տեսնում: Որքան սեր ուներ ու զգացմունք, ներշնչեց սրնգին, գեղգեղանքներով քարացրեց բնությունը… բայց ոչխարները ետ-ետ էին գնում։
Ամաչեց աղան իր գործից, կիսամեռ եղավ Զալխեն հուսահատությունից:
Փոխեց Հասոն եղանակը։
Այժմ ինքն էլ չգիտեր՝ ինչ էր նվագածը:
Դադրել էր քամին, կանգնել էր ջուրը, լռել ամեն ինչ:
Ո՞վ չի լսել «Լուր-դա-լուր»-ը, որին չի դիմանա ոչ մի քար սիրտ:
- ↑ Առաջնորդ այծ