Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոխանակ դուք վանքին տալու, նրանի՞ց եք բան ուզում… Չէ, ինչպես երևում է բոշ–բողազներ են մտել էլի ձեր մեջ… Կարգս վկա, որ այդ սրիկաներին ձեռք եմ տալու… էլ ոչ հավատ թողին և ոչ էլ խոնարհություն…

Գյուղացիները սարսափից կծկվեցին, բայց ռես Մլոն իսկույն մեջ մտավ։

— Մեղա աստծու, հոգևոր տեր,— ասաց նա,— մի նեղանար, աջիդ ղուրբան։ Ռես Ռկոն ջահիլ է, համբերություն չգիտե… Իհարկե մենք պիտի վանքին տանք և ոչ թե վանքը մեզ… Մեռնիմ վանքի զորությանը… բայց քո ոտքն ենք ընկել, 500 ոսկին մի բարձիր մեր գյուղի վրա. Կարճկանը 9 գյուղ ունի, Խիզանում էլ շատ գյուղեր կան. չէ որ կըշլանը նրանց էլ կազատի զինվորներ պատսպարելուց… ես քո ծառան եմ, մենք քո զավակներն ենք, հոգևոր տեր, այնպես արա, որ գոնե 10-ական ոսկիով ազատվինք… — Ի՞նչ, տա՞սը… չէ, ռես, դա շատ քիչ է. մնացածը ես որի՞ց առնեմ։

— Ախ, հոգևոր տեր,— հառաչեց ռեսը,— որ տեսնես մեր հալը, մեր տառապանքը, այդ տասը ոսկին մեր սաղ գյուղի գինը կհամարես։ Էլ ոչինչ չի մնացել, եղածը տանում են, նյուֆյուս[1], թաշիր[2] քուրդի, պտղու, հասնող-հասնողի… որ մեկն ասեմ, աջիդ ղուրբան, դու չէ՞ որ շատ լավ գիտես։ Էլ բան չմնաց, մեր կնիկները մերկ են, մեր մանուկները ցուրտի դեմ ոչինչ չունին, մեր կերածը բանջար է մնացել, էն էլ եթե չխլեն, եթե գտնվի. տավարի մեջ էլ հալ չի մնացել. տավա՞ր որտեղից մնաց, լավերը տարան, վատերն էլ այս ձմեռ կկոտորվին, խոտ չունինք. ինչ որ ամբարում ենք, խլում են, վառում, գանգատում ենք՝ վռնդվում… հոգևոր տեր, չէ՞ որ հրամանքդ էլ զզվեցիր մեր գանգատներից, մեր արտասուքից…

Ու ծերունին կռացրեց վշտերով ծանրացած գլուխը, և աչքերը լցվեցին։

Կաթուղիկոսը ուտում էր։ Հուզված՝ դադարել էի և գդալովս հացը ծեծում, իսկ Կարապետը գունատ՝ մեկ սրան էր նայում, մեկ նրան։

— Է, աղեկ, աղեկ, կարճ կապիր,— արեց կաթուղիկոսը.— գյուղացի եք, որքան լավ դրություն ունենաք, էլի լաց եք լինում, գանգատում, չունինք՝ ասում, մերկ ենք՝ գոռում՝ որ ինչ է՝ չտաք… եղած զուլումներն էլ մեկը տասն եք շինում… այնպես չէ՞, վարդապետ։

— Հրամանք ես, վեհափառ,— ասաց հայր սուրբը,— անցյալ տարի էլ երբ ես էի պտղի ժողովողը, էլի այդպես ողբում էին, գանգատվում,

  1. Զինվորական տուրք
  2. Արդյունաբերական տուրք