Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ով ավելի շատ էր լավ լինում, նա ավելի շատ էր ունենում… Ստում են, վեհափառ, ստում, որ չպահանջեն։

Եվ անշուշտ մտադիր էր այդպես շարունակել, եթե ընկերս չընդհատեր նրան։ Կնճռոտ, դաժան ու խիստ Կարապետը դարձավ վարդապետին ու ասաց.

— Դուք սաստիկ սխալվում եք, հայր սուրբ, մինչև իսկ… այո… մինչև իսկ ստում եք, որովհետև ինչ որ ես տեսա, դուք էլ գիտեք։ Գիտեք, որ հայ գյուղացին այլևս ոչինչ չունի այս երկրում, որ խլում են նրա ձեռք բերած ետին խիլը, որ նրա ընտանիքը մերկ է, անոթի, և որ նա ինքը հալածված է, հափշտակության զոհ դարձած… գիտեք այդ և սակայն էլի ծանրություն եք բարձում նրա ջարդված ու կքված ուսերի վրա… Օհ, որպիսի սիրտ ունիք…

Հուզմունքից լռեց։ Կաթուղիկոսը ապշել էր։

Ղազար վարդապետը շփոթված՝ դգալը ցած դրեց։

— Ես աչքովս տեսա,— շարունակեց Կարապետը քիչ լռելուց հետո,— ահա մի քանի ամիս է, որ ման եմ գալիս այս թշվառների երկրում. աչքովս տեսա սոսկումներ, տեսա, որ այս աշխատող, ազնիվ և մաքուր ժողովուրդը, որին հարստահարում են ու հալածում՝ իր աղի արցունքն իսկ կուլ է տալիս, իրավունք իսկ չունի լալու, հառաչելու… Ես տեսա, որ նա սոսկալի ճանկերի մեջ առնված՝ ծխում է, սպառվում, իր արնովը շվացվում, և որ չեն թողնում անհպելի նրա ոչ մի իրը, ոչ կինը, ոչ սրբությունը, ոչ կայքը… Դուք էլ եք տեսել այդ, գիտեք, շատ լավ գիտեք, բայց… ուրանում եք, ծածկում… Եվ դա է ամենից սարսափելին…

Ու ելավ։ Կաթուղիկոսը հուզմամբ խաչակնքեց, ընթրիքը վերջացրեց, ապա Ղազար վարդապետին մի բան փսփսաց։ Գյուղացիներից շատերը դուրս ելան, մենք էլ գնացինք դեպի բլուրը և այնտեղ լռելյայն նստեցինք մի ապառաժի վրա։

— Այո, ուրանում են, ծածկում են…— շարունակեց Կարապետը հուզմամբ,— և դա ամենասոսկալին է, որովհետև, եթե հաստատեն, իրենց գրպանն էլ ոչինչ չի մտնիլ…

Ապա կռացավ, նայեց լուսախառն մշուշով լիքը հովտին և գոչեց.

— Որքան թշվառ ես դու, անբախտ ժողովուրդ, և որքան խոր են վերքերդ…