Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

* * *

Գիշերով հեռացանք վանքից. մեկնեցին նաև գյուղապետները։ Մի զինվորանոց շինելու համար յուրաքանչյուր գյուղի վրա 15-ական ոսկի նոր տուրք բարձած՝ գնում էին նրանք, և պետք էր տեսնել փոշոտ ճանապարհով, տխրությամբ ու լռելյայն հեռացող ծերունիների կքված մեջքերը, կնճռոտ վշտալից դեմքերը, որոնք երկնքից հույսը կտրած՝ դեպի գետին էին խոնարհվել… նրանց ոտքերի հանած փոշին թանձր ամպերով բարձրանում էր ու լողում դեպի հեռավոր ծովը, իսկ իրանք գնում էին, գնում, տանելով դեպի իրենց գյուղը մի նոր զուլում, մի նոր տառապանք…

1897

ՈՉԽԱՐՆԵՐ

Մի քանի ժամ ևս, և կհասնեինք քաղաք։

Բայց ընկերս շատ հոգնել էր, գիշերն էլ թաց էր և ցուրտ։

Ստիպվեցինք կանգ առնել մի գյուղի կայարանում և գիշերել այնտեղ: Մեզ տվին բարձրադիր օդա, հնոցի մեջ խարույկ վառեցին, հետո կերակուր մատուցին և խոստացան առավոտը կանուխ զարթեցնել:

Կերակրից հետո ընկերս իսկույն քնեց, իսկ ես պահ մի պաաշգամբ ելա, կռթնեցի փայտե սյունին և սկսեցի շրջակայքը դիտել։

Առջևս տարածված կար մի ընդարձակ մշուշալից դաշտ, որ փռվում էր մինչև լեռները։ Մի կատար կոնաձև դուրս էր ցցում իր ձյունապատ գլուխը այդ լեռնակույտի միջից, իսկ լուսնկայի լույսի տակ կապտած ծառազարդ գյուղերը նրանց ստորոտում, կարծես լղրճվել էին թացությունից։ Ավելի մոտ՝ մի քանի խրճիթներ թաց ու ճղփուն տանիքներով, միմյանց էին կպել մի բարձր շենքի շուրջը։

Պատշգամբիցս անմիջապես ցած՝ տարածվում էր մի ընդարձակ աղտոտ ու ցեխոտ բակ, իսկ նրա վերջին ծայրի գմբեթածածկ զավթից լսվում էին ուղտերի մելամաղձոտ ձայներ՝ խառն բոժոժների հնչյունների։ Երբեմն ականջիս էին հասնում ջորեպանների խուլ աղաղակներ ախոռների ներսերից… սրճատան բացուխուփ լինող դռնից ընդհատ կերպով լսվում էին գիշերային խռպոտ խոսակցություններ, ապա դաշտի կողմից հեռավոր ոռնոցներ գալիս էին միանալու դրանց, և այդ բոլորի միջից՝ որոճացող