ուրագանը։ Այդպես է լինում այն րոպեին, որից հետս ամպերը որոտընդոստ գոռում են, և կայծակը հրային գծերով պատառում է օդը, ոսկեգույն սվիններ ցրում եթերին մեջ…
Այդպես է լինում այն րոպեին, որից հետո ճրագը բոցափայլում է ու հանգում, մեռնողն աղաղակում է և հավիտյան ննջում…
Եվ արդարև, մի խուլ դղրդոց կոհակաձև ցնցեց օդն ու խուժեց դեպի մեզ։ Մի աղմուկ, որ դուրս գալով հազարավոր ոռնացողների կոկորդից, անցնում էր փողոցներ, դողացնում ամեն ինչ, շարժում ծառեր, ցնցում գետինը… Մի հարատև գայլային ոռնոց՝ միշտ մեծացող, հետզհետե մոտեցող։
Լսվում էին նաև թմբուկների ձայներ: Կարծես քաղաքից դուրս բանակած գնչուները իրենց թմբուկներով պար էին սարքել հրապարակներում:
Եվ դրան հետևում էին փշրվող, ջարդվող դռների ձայներ, կացինների թնդյուն, տների մեջ մորթվողների սուր, աղեխարշ ու կծվությամբ օդը բեղրտող ճիչեր, թալանողների հաղթական, խռպոտ կանչեր…
Գալի՜ս էին։
Մի րոպե ոչ ոք մեզանից չկարողացավ մի բան արտասանել։ Դադարեց ամեն հառաչ, ամեն ողբ:
Ոտքի թռան բոլորը՝ զսպանակավոր գործիքի պես ոստնելով, լարվեցին ջղեր, ակնապիշ՝ քարացան հայացքներ…
Հետո, ա՜հ, հետո… Մի՜ խառնաշփոթ, մի ժխոր…
— Տղե՞րք, գալի՜ս են,— լսվեց հանկարծ մի երիտասարդի ուժգին ձայն,— մի՞թե թողնելու ենք, որ ոչխարի պես մորթեն մեզ։
— Մեռնենք քաջերի նման,— ձայնեց մի ուրիշը։
- Զե՜նք, զե՜նք…
- Դուրս, հարձակվենք…
Էլ ոչինչ չէր որոշվում։
Աոաջին ձայն տվողը բակ դուրս եկավ, րոպեապես բոլորս կիտվեցինք նրա շուրջը, մեր զենքերը զննեցինք, հետո խմբերի բաժանվեցինք և դուրս թռանք բակից։
Ամեն կողմից հասնում էին նոր փախստականներ և բարեբախտաբար՝ զինված։
— Մինչև վերջին շունչը, տղերք…— գոչեց գլխավորը։
- Անձնատուր չլինենք,— ասաց մի ուրիշը.— միևնույնն է, մեզ ողջ չեն թողնի ո՛չ մի հանգամանքում։
Ահա և խուժանի, հարձակվող գայլերի ծայրը։
Ի՜նչ խուժան։