Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աոջևից ու մեջտեղից երևում էին զինվորներ, բայց անկանոն կանգնած, քուրդ ու թուրք ամբոխը զինված էր ամեն տեսակ զենքով։

Աղաղակում էին՝ որքան ձայն ունեին, և կանայք, թմբուկներ ձեռքերին, պար էին բռնել, ոստոստում ու գրգռում իրենց վայրենի ամուսիններին…

Զարհուրելի էր. երբեք այդպիսի կատաղի, գազանային ամբոխ չես կարող երևակայել։

Քայլում էին միշտ ոռնալով, հանդիպածին տապալում, մորթում։ Եթե տուն էր—դուռը ջարդում կացնի հարվածներով, ներս էին խուժում, մի րոպեի մեջ տունը մերկացնում, քանդում, ավերակ դարձնում ու անցնում…

Կարծես մորեխներ լինեին, որ մի անգամ իջնելով՝ ամբողջ արտեր են ոչնչացնում։

Սակայն մեր գնդակները կանգնեցրին նրանց։

Բոլորս միասին կրակ տեղացինք նրանց վրա։

Զինվորները փորձեցին խմբվել, պատասխանել մեզ, բայց խառնվեցին, կատաղի խուժանի հաղթական ոռնոցը փոխվեց ճիչերի, թմբուկները ընկան, կանայք ետ փախան, հրեցին, հրմշտկեցին ու մի խառնիճաղանճ, զզվելի խառնուրդով ցրվեցին։

Այո, բարեկամ, ցրեցինք տասը հազարից ավելի մի խուժանի, որ մեր արյունն էր ուզում, մեր ինչքը, մեր պատիվը։ Ցրեցինք մեր չնչին զենքերով։

Ա՜հ, եթե ավելին ունենայինք…

Քա՜ջ ընկերներս… Պետք էր տեսնել, թե ինչպես սիրտ առած մտան տների մեջ, լուսամուտներից կրակ ու ամեն ինչ սկսեցին տեղալ գայլերի վրա, ջարդել ու փշրել, հալածել ու ցրել… Ես էլ էի կրակում, անդադար հրացանում, և ոչ մեկը չէր վրիպում, ոչ մեկը։

Բայց ի՞նչ կարող ենք անել մեր այս խղճալի զենքերով, գնդակների ու վառոդի չնչին պաշարով, եթե ոչ՝ միայն ավելացնել արյունարբուների կատաղությունը։

Եվ չի անցնի մի օր, գուցե մի քանի ժամ, ու կգան նրանք՝ գինված պետության տված զենքերով, կգա զինվորական ուժ՝ թնդանոթներով, ու մեզ կսպանեն, մեզնից մինչև ետինը կմորթեն…

Չգիտեմ այլևս, թե քանի ժամ կյանք ունեմ…