Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունդ տանում»… Եվ ժողովում էր, և ճզմում սարդից ավելի անգութ, վամպիրից ավելի՛ խիստ…

Օրերից մեկ օր էլ… բայց սպասեք, կարծես մեր «ղութին» (սայլին էր ակնարկում) ուզում է էլի պար գալ…

Հիրավի, զառիվայրից դիպի մի հեղեղատ էինք սլանում արագությամբ։ Ջանացինք շունչներս բռնել, աղիքներնիս ձգել և սայլի կողքերին կառչել, որպեսզի քարերի ցնցումներից չշպրտվեինք դուրս։

Երեք-չորս րոպե տևեց, բայց որպիսի՜ րոպեներ… Անցանք սակայն. ազատ շունչ առանք ու վազում էինք կիսախարխուլ երկու-երեք խրճիթների առջևից, ուր դիմավորեցին մեզ 5—6 կատաղի գամփռներ։

— Փարախնե՞ր են…

— Օրերից մեկ օր էլ…— շարունակեց ընկերս.— պատմում եմ, լսեցե՛ք… Այդպիսի փարախներ շատ կտեսնեք… Հաբեթ աղան լուր է ուղարկում Հասար, Սողոմոնին թե՝ «Դե շո՛ւտ, երկու օր կա մուրհակիդ լրանալուն, փողն ու տոկոսը բեր, թե չէ էսա՝ գալիս եմ տավարդ առաջս անեմ, քշեմ ու ծախեմ»…

Բանն այն է, որ խեղճ Սողոմոնն ու իր եղբայրները վաղուց պարտք ունեին աղային։ Մի տարի տավարների հիվանդությունը կոտորել էր գոմեշներին, եզներն էլ սովածությունից ընկել-սատկել էին, տուրք պիտի տային, ի՞նչ անեին, մի քանի, կարծեմ հենց երկու հարյուր ռուբլի՝ տոկոսով առել էին… 40 տոկոսով, պարտքն էլ, գիտես խո, ձնագնդի նման գլորվել էր, գլորվել, սա՛ր էր դարձել և դեռ էլի գլորվում, Չռչռ-քարի չափ էր չինում…

— Երևի երկու հարյուրը՝ չորս էր դարձել,— դիտեց փեսաս։

— Առանց տոկոսների… Դե՛հ, խեղճ Սողոմոն և եղբայրներ, չորս հարյուրը մի անգամով ինչպե՞ս տային, այդ տարին էլ, հակառակի պես անձրևային էր. կալերը ծլել էին, գետնախնձորը փչացել… Անիծվի այս երկիրը, ամե՛ն տարի խո այդպես է… Հաբեթ աղան, ո՞վ գիտե ինչու — երևի Սողոմոնը շատ խոնարհ ողջույններով չէր հանդիպել նրան—թշնամացել էր, այժմ իր բոլոր առնելիքն էր ուզում… Մի կողմից էլ երևի տեսնում էր, որ պարտքն աճում է, իսկ վճարող աղբյուրը՝ ցամաքում, մտածում էր՝ քանի շուտ էր, եղածը սաղացներ… Պահանջում էր, կարո՞ղ ես գոռալ, վիճել—ձեռք ես քաշել—պիտի վճարես… Սողոմոնս էլ, շատ դեսուդեն է անում, լուր է ուղարկում, աղաչում, բայց տեսնում է, որ աղաս անդրդվելի է, մի օր էլ չարուխները հագնում, ոտքով Դուզան է գալիս, որ ինչ է՝ անձամբ աղաչի, պաղատի, գուցե մուրհակը կարողանա նորոգել տալ…— Մի 20—30 մանեթ էլ, ոնց որ լինի, ճարում է, որ տոկոսները վճարի, գուցե խղճան և ժամանակ տան…