Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալիս հասնում է գյուղ, Հաբեթ աղան նստել Սերովբենց դուքանումը, գլխին է հավաքել գեղացոց ու ղալմաղալի մեջ է, տոկոսներն է հավաքում, նեղսրտվել է, գոռգոռում է, հայհոյում…

- Բարև, աստծու բարին…

- Հա՞, եկա՞ր… եկ տեսնենք, գոնե դո՛ւ պարտքդ բեր, թե չէ էս անիծածները ինձ սոված են թողնելու այս ձմեռ…

- Աղա, ես…

- Հը՞, ի՞նչ կա… քե՞զ հետ էլ կռվենք… Տո, էս ի՞նչ անամոթ, լիրբ խալխ եք… փող եք ստացել դե բե՛րեք տվեք, էլի… էլ ուր եք նեղացնում, էս կիրակի օրով հայհոյանքներ հանում բերնիցս… Չի լինի, չէ՛, ամբողջը պիտի տաս, հե՛րիք է համբերածս…

Սողոմոնի լեզուն ասես կապվել է… Անձայն հանում է 30 մանեթը դնում աղայի առաջ և աղաչում թե՝ էս է եղածը, աղա՜, որ քամես մեզ. ավելին չունենք…մուրհակը նորոգիր, գուցե գարնան…

- Ո՞նց թե գարնան… Տո իծի՛ մորուք, ես քո խաղա՞լիքն եմ, յա թե չէ՝ փողը դաշտի՞ցն եմ գտել… բաս իմ տղերքը հաց չեն ուզիլ, դու գարնան կարո՞ղ ես չորս-հինգ հարյուր մանեթ մի անգամով տալ…

էլ ի՞նչ է լինում, ինչ չի լինում—մի թունդ կռիվ ու հայհոյանք հետևում է դրան… խո գիտե՞ք, մեր գյուղացիք ինչ որ չգիտենան, կիրակի օրով կռվելն ու միմյանց հայհոյելը շա՛տ լավ գիտեն, մեկ էլ որ, մի թեթև պատճառ՝ և ահա միմյանց է՛լ հայր, է՛լ պապերի գերեզման…

Մանրամասն չի՛ հասել մեզ, թե ի՞նչպես է լինում, որ Հաբեթ աղան մի թունդ, լկտի հայհոյանք է բաց թողնում բերնից, ետևից էլ մի մեծ ապտակ հասցնում Սողոմոնին… Մեկ էլ ինչ տեսնեն… Սողոմոնս է, մոռանում է աղա, պարտք, անճարություն, արյունը գլխին է խփում, տանում է բերում և այնպիսի՛ հարված հասցնում աղային, որ սա ետ-ետ է գնում ու խանութի գետինը չափելու պառկում…

Մի՜ խառնաշփոթ, մի՜ աղաղակ… Ո՞նց, Հաբեթ աղան ծե՞ծ ուտի, խանութի փոշի՞ն ավելի…

Բայց դե՜հ, թափվում են գյուղացիք, մեջ են ընկնում, աղային բարձրացնում, շորերի փոշին թափ տալիս, ճգնում են հաշտեցնել, Սողոմոնին են համոզում, աղային՝ ներել աղաչում… բայց ո՛չ կտրիճ և սրտի խորքից վիրավորված լեռնցին է ուզում աղաչելով հաշտվել և ոչ էլ լիրբ ու երես առած բռնավորը՝ զիջել և ներել։

- Գնա՛,— կանչում է նա կատաղած,— գնա՛, ես մարդ չեմ լինի, եթե դու և բոլոր ցեղդ այս ձմեռ չկոտորվեք քաղցածությունից, շա՛ն որդիներ, ավազակնե՛ր…

Ու կատարում է սպառնալիքը։ Ճշմարիտ է, կերած ծեծը ոչինչ,