Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց մեկ մտածե՜ք… Հաբեթ աղան, գավառի գլխին կակալ կոտրողը, ամենքի վրա անպատիժ գոռացողը, ամենքին վախուդող ազդողը… և հանկարծ՝ ծեծվա՜ծ մի ինչ-որ լեռնցուց, փռված գետի՛ն, ոտքի տա՛կ, այն էլ ողջ գյուղի առաջ… Վաղը չէ՞ որ լուրը կտարածվեր, ամբողջ նահանգի խոսելիքը կդառնար… Ո՛չ, պետք է ցույց տալ, և լա՛վ ցույց տալ, որ անպատիժ կերպով չէր կարելի նույնիսկ բարձրաձայն խոսել նրա նման «իշխանի», նրա նման գավառի մեծի, աղայի հետ…

Այդ ձմեռ Սողոմոնն ու ընտանիքը, բոլոր եղրայրները, հիրավի, մնում են համարյա՛ անոթի։ Աղան ամեն կերպ աշխատում է և փողի ուժով հաջողվում է հասցնել նրանց այդ դրության։ Խլում է տավարը, խոտը, կալի արդյունքը… Սողոմոնի կինը կրած տանջանքներից մեռնում է, թողնելով որբ տասնամյա մանուկին…

Գարունը երբ բացվում է, այլևս չկան ո՛չ ե՛զ, ո՛չ գոմեշ, ո՛չ սերմացու, ո՛չ փող… Չորս եղբայրները դառնում են օրվա հացի կարոտ մարդիկ…

Եվ մի խորունկ զայրույթ, վառվող կատաղություն բռնկում է մի ժամանակ մեծ, առատ տան զավակների սրտի մեջ։ Ավելացրեք դրանց վրա Հաբեթ աղայի ծաղրը, չարախնդաց ակնարկները, ամեն տեղ, ամենն բանում նրանց վնասելը…

Ոչ, տանել չէր կարելի այլևս։ Հարկավոր էր քանդված օջախի վրեժն առնել, գավառն ամբողջ ազատել կլանող հրեշի ձեռքից, վիշապի ակռաները խլել…

Այս և ուրիշ այդ տեսակ մտքեր ներշնչում են եղբայրներին՝ թողնելու ամեն ինչ և ընկնելու լեոները։ Մի գիշեր էլ, զինված՝ իջնում են Դուզան, գտնում գյուղի գիշերապահներից մեկին, ստիպում, որ նա մի պատրվակով բաց անել տար Հաբեթ աղայի տան դուռը, ներս են նետվում և բռնում աղայի կոկորդից։ Մեկը գտնում է բոլոր մուրհակները, դիզում, վառում է, իսկ Սողոմոնը վար է բերում տանտիրոջ արծաթապատ հրացանը, կամենալով զրկել նրան պաշտպանվելու միջոցից: Սպառնում է սպանելու, եթե նա ցույց չէր տա փողերի տեղը։ Այդպիսով մտածում է իրենց քանդած տունը վերանորոգող գումար ձեռք բերելուց հետո՝ թողնել հեռանալ։

Հաբեթ աղային և ո՛չ իսկ ճչալ է հաջողվում, կինն ու որդիները սարսափահար՝ կծկվում են անկյունում, օգնություն կանչել անհնար է. գիշերապահի վրա՛ իսկ հսկում է եղբայրներից մեկը։

— Ուրեմն մտադիր չե՞ն եղել սպանել աղային,— հարցնում եմ ես՝ ընդհատելով։

— Ո՛չ, արյուն թափել ո՛չ ոք չի կամենում. Սողոմոնը մինչև իր