Բացի դրանից, խանութի առջև գտնվող հովանոցաձև պատշգամբն ավելի լայն էր, գետինը ավազ փռած, սյուները հարթ գունավորված, իսկ դռան կողքին Գալոյի տղան խնամքով շինել էր մի երկար նստարան՝ վրան խոտով ու կտավով օթոց կապած։
Այդտեղ էր, որ գյուղի մեջ մի պտույտից հետո վարժապետը հրավիրեց մեզ նստելու։
Իսկապես, տեսարանն էլ այդտեղից վատ չէր։ Ճիշտ մեր դիմացը ցցվում էր շաքարի գլխին նմանող Ծաղկասարը՝ ամենաբարձր այդ բլուրը լեռնադաշտի մեջ, որի կրծքից դեպի վտակն էր խոնարհվել գյուղը՝ իր տների կղմինդրյա տանիքներով և գլխին, իբր աննման ծոպավոր զարդ, ուներ կարմիր, դեղին և կապույտ շերտերից խառն մի ստվեր, որ վայելչորեն նոսրանալով ծայրերից, գույնզգույն երիզներ էին դնում պուրակի կողերին, հասնում–գգվում էր ամենաբարձր կետին կռթնած ժայռերը և երկնքի պարզ– կապույտ խորքի վրա նկարում գեղատեսիլ գունազանություն։
Ծաղկավետ զառիվայրի վրա էր կանգնած գյուղը։ Պարտեզների շարքը հասնում էր մինչև դաշտը կտրող վտակին. այնուհետև, ոչ ավելի քան երեք վերստ լայնություն ունեցող արտերի ծայրից ցցվում էին անտառոտ լեռների կույտերը։
Եվ ծաղի՜կ, ծաղի՜կ, բյուրավոր, անհաշիվ, անուշահոտ ու կենսապարար։ Առավոտյան թարմ օդի մեջ բուրում էին նրանք արբեցնելու չափ…
Այնտեղ, ուր նստել էինք, գրեթե գյուղի կենտրոնն էր, ցեխոտ ու աղտոտ մի փոքրիկ տարածություն, բացված երեք գլխավոր փողոցների միացման կետի վրա։ Հի՞նգ, թե վեց էին խանութները. երևում էին - դերձակ, կոշկակար, այլև մի պայտար, որ կքված մի անկյունում, պայտեր էր շինում։
Գյուղացիներ այդ պահուն շատ չկային կանգ առած՝ հրապարակի վրա. եղածներն էլ ցանուցրիվ կանգնել խոսում էին այս-այն խանութի առաջ, մինչ սայլեր ճռճռալով, կովեր բառաչելով՝ ծանրորեն անցնում էին մեր առջևից։
— Ինչպե՞ս է, հավանո՞ւմ եք մեր գյուղը։
Առաջնորդել էր մեզ, ցույց էր տվել գեղեցիկ շրջակայքը, գյուղական սիրուն եկեղեցին, հրավիրել էր ճաշակեչու սառնորակ ու անուշահամ աղբյուրների ջրերը և այժմ ուզում էր մեր տպավորությունն իմանալ։
— Օ՜ , այո՛, դրախտ է այստեղ,— գոչեց ոգևորությամբ ծերունի ընկերս,— երևի այստեղ ապրողը չի՛ մեռնի։