Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սյունին կռթնած և մեզ ականջ դնող Գալոյի որդին և վարդապետը ծիծաղեցին։

— Չի՛ մեռնիլ,– ասաց վերջինս,- ինչպե՜ս չէ, դուք խո տեսա՞ք ծեր գերեզմանատունը։

— Այո, բայց շատ գերեզմաններ չկային…

— Նորն է․ հինը լցվել է արդեն… Հիվանդություններ շա՜տ կան գյուղում, միամի՜տ եղեք, այստեղ էլ մարդիկ մեռնում են… գուցե ավելի շատ, քան քաղաքում։

— Ինչպե՞ս, հիվանդություննե՞ր այսպիսի շքեղ բնության մեջ… Վարժապետը Ժպտաց, հետո պահ մի մելամաղձոտ մնաց և ծերունի ընկերոջս դառնալով, ասաց.

— Ինչպես երևում է, դուք վաղուց է, որ քաղաքից դուրս չեք եկել… Այս բոլորը նոր և չափազանց սուր հակադիր է քաղաքի սեղմ օդին, փոշուն ու ժխորին… Այո՜, բայց մե՞նք… չէ՞ որ մենք ծնվել ենք սրա՜ մեջ, սովոր ենք տեսնելու այս ամենը։

— Բնական է,— դիտեցի ես։

— Այո, բայց…— շարունակեց նա,— բայց այս բոլորն արդեն ձանձրացրել, վաղո՜ւց ձանձրացրել է մեզ, եթե կուզեք՝ նույնիսկ անտանելի դարձել… Ձեզ նման եկվորները միայն, երբ սքանչացումն են արտահայտում, մի քանի րոպեով հաջողվում են հրապույրի նշույլներ զարթնեցնել մեր մեջ՝ դեպի հայրենիքի հողն ու անտառը… Անշա՝րժ, անկյանք գեղեցկություն, միշտ միևնույն բանը՝ միևնույն տեղում, ամեն րոպե… Եվ վերջապես ի՞նչ կա զմայլելու… ճշմարիտ է, վարդ ու ծաղիկով լի է երկիրը, բայց չէ՞ որ փշեր կան, որքա՜ն փշեր… Ո՜չ, մարդկանց կողմից՝ իրա կարգին– դա անհաշիվ է, ահավոր․ սակայն հենց բնությունն ինքն էլ փշեր է արտադրում․ արյունոտող, հոշոտող փշեր…

- Դուք հոռետես եք. երևի մշտապես անփոփոխ, այլև միակերպ կյանքը զզվեցրել է ձեզ…

- Այո՜… մշտապե՜ս միակերպ… Սկսում է մարդ նույնիսկ ատելություն զգալ դեպի այդ ամենը… Մեր պարտեզն օրինակ․ մտնել չեմ կարող․ ծնված օրիցս նա ամեն օր աչքիս առջևն է իր սիրտ խառնող միաձևությամբ… Գոնե հնար լիներ փոփոխելու, ուրիշ ձև տալու նրան…

- Բարեզարդեցեք, նոր ծառեր տնկեք, մշակեք… ի՞նչն է խանգարում ձեզ։

Վարժապետը գլուխը երերցրեց, հետո դառն ժպիտով ձեռքը պարզեց դեպի դաշտ ու լեռ և ասաց.


- ի՞նչ եք տեսնում այդտեղ… Անտա՜ռ, եղևնիների պուրակ, հետո՝ ծաղիկ, ոչ թե մի քանի, այլ մի քանի հարյուր տեսակ, բուրմունքով