գրել տվին, թե միկիտանը կռիվ ա քցում, ղալմաղալ… Հը՞, սո՞ւտ եմ ասում…
- Չէ, ճիշտ ա, ինչի՞ սուտ,— ասաց մի գյուղացի,– դե էնա՞, տեսաք, որ Սարոյենց ձեռքն էր մնալու միկիտանը, ձեր ցեղը մեջ ընկավ, խնդիր գրեցիք, դու էլ ուսումնարանը մեջտեղ քցեցիր…
— Հլա՛ տե՛ս. հլա՛ տես…,— բարկությունից կարմրեց և ընդհատեց նրան վարժապետը,— ըտենց մի խոսալ, ա՜ Կարապետ… ինչի՞, ես վարդապե՞տ եմ, թե՞ միկիտանչի… Իմ ինչի՞ս էր պետքը միկիտանը, լա ինձի՞ ինչ…
Փոքրիկ սենյակը հետզհետե լցվում էր գյուղացիներով։ Մեծ մասը երիտասարդ, նոր սերունդ էր և բոլորն էլ, առանց բացառության, «կարտուզներով», այլև հագուստը փոքրիշատե եվրոպական հագուստի նմանեցնելու հավակնությամբ։ Ով տեղ էր գտնում՝ նստում էր, ով չէ՝ կռթնում էր պատին կամ պպզում մի անկյունում։ Մի ինչ-որ կարճահասակ ծերունի էլ, որ իր սպիտակ մեծ մորուքովը շատ նման էր հնամյա նավապետի, զվարթ ծիծաղը դեմքին ներս խցկվեց, որոնեց տեղ, հետո մազլցեց լուսամուտի քիվի վրա և խոշոր փափախը ծռած, երկար փայտը ծնոտին դեմ տված՝ սկսեց լսել։
Չնայելով, որ լսում էի վարժապետի խոսքերը, բայց և զննում էի ներս մտնողներին։ Այլազան էր ամբոխը։ Կային նույնիսկ շեկեր․ կարմիր, հրաշեկ կարմիր մազերով երիտասարդն էլ իր գլուխը դարս էր ցցել երկարահասակ ու խոշոր քթով Գրիշոյենց Մկրտչի ետևից և ինձ էր նայում։
Եվ այդ բոլորը տգեղ էր, խիստ տգեղ․ դեմքերը գրեթե թոռմած ու դեղնած, չոր. վաղաժամ կնճիռներով լի, մեծ, այլանդակ քթեր, կոպիտ և հանդուգն գծեր։ Ավելացրեք դրա վրա և այն, որ շատ-շատերի հայացքներն արտահայտում էին քծնախառն աներեսություն։ Միմյանց ակնարկներ անել, աչքով-ունքով շարժմունքներ, անասելի հայհոյանքները, իբր շատ սովորական բառեր, շպրտել միմյանց, խոսքերը «համեմել» լկտի համեմատություններով, այլև ճգնել անպատճառ, թեկուզ տափակ, սրախոսություններ անելու…
Հին սերնդի մեջ, սակայն, նկատեցի քիչուշատ համակրելի դեմքեր։ Եվ երբ ծերունի ընկերս էլ ներս մտնելով՝ բերավ իր հետ գյուղացիների նոր մի խումբ-երևան եկան 5—6 ծերունիներ՝ հին հագուստով, բոլորն էլ խոշոր փափախներ գլխներին։ Ահա օրինակ, այղ վաթսունամյա անձը, որ մոտեցավ, ձեռքը պարզեց ինձ և դեմքի վրա անկեղծ սիրալիրության ժպիտ՝ բարի գալուստ մաղթեց: Համակրելի էր նաև այն