մյուս ծերուհին, որ իր խոշոր թաթերի մեջ սեղմեց պարզած ձեռքս ու ասաց.
— Բարի լինի գալուստդ, պարո՛ն։
— Շնորհակալություն։
— Մենք շատ ուրախացանք, երբ լսեցինք, որ ձեզ պես կրթված մարդիկ ուզում են մեր գյուղում ապրել։ Եթե ոչինչ էլ չանեք, ձեր այտեղ լինելն էլ մեզ օգուտ է. ասած է՝ որ հոտավետ մի հատ խնձորը թեկուզ դնես կոշտ քարերի մեջ, հոտիցը նրանց էլ կկպչի…
Պահ մի վարժապետը ստիպվեց ընդհատել իր խոսքը, ներս մտնողների բարևների վերջին սպասելով։ Բայց երբ տեսավ, որ նոր եկողները խոսակցության նո՛ր նյութ մեջտեղ բերին, ձեռքի օղին մի ումպով և զայրացած կուլ տվավ, հացը բերանն առավ, մի բան մռմռաց քթի տակին, նստեց և բաժակը դարձյալ լցրեց։
Այնքան անկեղծ ձևով ինձ հետ խոսող ծերունուն պատասխանել չհաջողվեց ինձ, որովհետև դարձյալ մի նոր խումբ ներս լցվեց։
— Պա՜, պա՜ … էս ինչքա՛ն լցվել եք ըստեղ…— լսվեց դռան միջիր մի խոշոր ձայն, և երևան եկավ Սարոյենց Թորոսի կաղլիկ ու հաստլիկ եղբայրը, համարձակ ճղեց բազմությունը, ձեռքն ինձ պարզեց ու ասաց.
— Խնդրեմ ծանոթանանք… Սարոյան Ջավադ։
Եվ հպարտությամբ վիզը ցցեց ու գյուղացիներին նայեց։ Կարծես ուզում էր ասել թե՝ «հը՞, ո՛նց է, կարծում եք չգիտե՞մ քաղաքացոց ձևերը»։
— Լավ ձայն ունի,— քմծիծաղով դիտեց վարժապետը։
— Ինչի՞ չէ ,— ասաց կոկոզավիզ կաղլիկը,— երգեր էլ գիտենք…
Ու ճգնեց նստել։ Տեղ չկար, բայց սրա՞ն հրեց, նրա՞ն հրմշտեց ճիշտ դիմացս, անտառապահի կողքին, խցկվեց—տեղավորվեց։
Գեր, լայն դեմքով և հանդուգն հայացքով մի երիտասարդ էր այդ, որ միշտ բարձրաձայն, գրեթե գոռալով էր խոսում, ճգնում էր ցույց տալ, որ քաղաքում շատ է ապրել, քաղաքացիների դեմքը նրան անսովոր չէ, որ ինքը կոպիտ և անտաշ գյուղացիներից շատ է բարձր, անփորձ ու վախկոտ չէ, այլ, որ ոչ ոքից վախ չունենալով, կարող է միշտ բարձր էլ խոսել։
Հագել էր մեզ նման, մեջքի և վարտիքի վրա այլազան կարկատաներով, ինչ-որ տափակ և աղտոտ «կարտուզ» կոխած մինչև ականջները, մորոլքը խնամքով ածիլած, ընչացքի ծայրերը գոռոզաբար դեպի վեր ոլորած… Որից վախ ուներ, օրենք չդիտեր, ի՞նչ է, մարդ չէ՞ր տեսել, քաղաքացոց հետ չէ՞ր նստել-կանգնել։ Եվ այդ՝ նա շեշտում էր միշտ, և որպեսզի գյուղացի անտաշները չմոռանային երբեք, կրկնում էր