էր գոռալով ու ձեռքին կարճ փայտը ուժգնորեն իջեցնում սեղանի վրա…
Բայց, մտնելուն պես, սկսեց անտառապահի հետ խոսել:
— Նո՛ւ մոյե պոչտենիե[1], Ալեքսի։ Խմենք, քե՜ֆ անենք… ճշմարիտ է, հերթը եղբորս է քեֆը սկսելու և հարբելու, բայց դեհ, ո՞նց կլինի, որ դու մեզ մոտ գաս, և ես մի լավ չհարբեմ… Նալեյ, տո՜, պոլնի նալեյ[2]… Ագա՜, սարսաղ,— դարձավ նա խանութպանին,— ո՞ւր ես թողել էս անտաշները ներս լցվեն… Քաշվե՜ք, քաշվե՜ք, ի՞նչ կա, մարդ չե՞ք տեսել… գե՛ղացի եք է՜ է՛… հենց որ մի քաղաքացի եք տեսնում… տո՛, քաղաքումը շաբաթներով ապրեք, մարդ տեսեք, որ ըդենց բեզ զապրոսա[3] ներս չխցկվեք… յա թե չէ՝ ադա՛, վեր կացեք մեր տունը գնանք, ստեղ սկի վոզդուխ[4] էլ չկա…
— Դե լա՜վ, ձե… ձենդ կտրիր քիչ… կտրի՛ր…— կակազեց վարդապետը՝ կիսովին ելնելով և դատարկեց օղին,— թող ուրիշներն էլ խոսան…
Ու բոլորովին ելավ։ Գինետան հարցը վիրավորել էր իրեն։ Ուզեց նորի՜ց նույն նյութին դաոնալ։
— Մոյե պոչտենիե՛… ինչո՞ւ չէ,— ճչաց ջավադը,— բայց ո՞ւր ես էդպես շուտ կակղել, վարժապետ. ա՜յ, թող մեկն էլ մենք կոնծենք… ըսենց… էս թաթիլկան[5] լցրու, տո՜… ի՜մ հաշվին. Ալեքսեյը ողջ կենա… էսօր էլ միս չեն մորթել, որ մի խորոված էլ անենք…
— Էն էի ասում,— ուշք չդարձրեց նրան և սկսեց վարժապետը,- չէ՜, ա՜ խալխը… սպասեցե՜ք… Կարապետն ասում էր, որ միկիտանը կո… կողպել ենք, որովհետև…
— Դե լավ, նա ասավ[6]…– ընդհատեց նրան անտառապահը,— լավ եք արել կողպել եք. ի՞նչ է, էս պակա՞ս միկիտան ա…
— Չէ՜, չէ՛, Ալեքսե՜յ, պաստոյ[7]… - գոչեց վարժապետը և թևով մեծ շարժում գործեց,— ինչո՞ւ… թո… թող պարզվի, շա՜տ են խո… խոսում։
— Աղա,— կանչեց այն կողմից Հայր Աբրահամին նմանող ծերունին կանացի սուր ձայնով,— էս ինչ ջհուդի ժամ շինեցիք ըստեղ, ձեր տունը շինվի… կացեք, մեկ մեր ղոնաղները խոսեն, քաղաքից են եկել, թազա խաբարներ կիմանան…