Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց վրա… Երևի քեֆի համար էինք եկել… Իսկ եթե ծառեր էինք ուզում տնկել, ուրեմն ի՞նչ հողի վրա։ Ընկերությա՞մբ… Ւնչո՞ւ չէ. որքա՞ն պիտի տնկեինք։ Հինգ-վեց հարյո՞ւր, իսկ հետո ծառերը հողատիրոջը կմնար… Ո՞վ ասես, որ իր հողը, պարտեզը չտար…

Եվ այսպես, զգուշավոր, մանվածապատ հարցուփորձով իմացան ամեն ինչ։ Իսկ մեր տված միամիտ, պարզ և անկեղծ ճշտությամբ պատասխանների ժամանակ՝ դուք պիտի տեսնեիք, թե գյուղացոց մեջ ինչպիսի մնջկատակություն էր տեղի ունենում։ Ակնարկներ միմյանց, ժպիտներ, այլև միամիտների իրենց ճանկերի մեջ ձգողների սարդային արտահայտություններ։

Ու ինչ որ, մեր մտադրոլթյունները գիտենալուց առաջ, վատ էին ասել օդի, հողի մասին, վարպետորեն սկսեցին ետ առնել, այժմ գովում էին սև, բարեբեր հողը, սքանչելի օդը, երկրի բեղմնավորությունը…

Երկար չտևեց մասնավոր խոսակցությունը։ Միմյանց սեղմելով՝ մեր գլխի վրա շրջան կազմող հետաքրքիրները մի առ մի ցրվեցին: Գիտցել էին՝ ինչ որ պետք էր. մնում էր այժմ տեսնել, թե որպիսի ձևերով կարելի էր ոստայնն ընկած ճանճերից օգտվել։ Պարզ է, երևի մտածում էին նրանք, անշուշտ, քաղաքից ձանձրացած՝ փող ունեն և եկել են ինչ-որ երազներ իրականացնելու… գուցեև, ո՞վ գիտե, նոր ձեռնարկություններ պիտի անեն և առայժմ ծածկում են… Համենայն դեպս իրենց պետք էր զգույշ, աչալուրջ մնալ և որսը ձեռքից չփախցնել… Այն մեկը—ծերունին, միամիտ մարդ էր երևում, նրան խաղացնելն ու խաբելը դժվար չէր. իսկ այս մյուսը դեռ լուռ էր, քիչ էր խոսում, բայց չար մարդ էր նկատվում…

Եվ այս բոլորը ես ոչ միայն մի առ մի կարդում էի նրանց դեմքերի վրա, հասկանում էի վարմունքներից, այլև մեկ-մեկ էլ ականջիս էին հասնում հատուկտոր դատողություններ, նկատողություններ, որոնց դժվար չէր կցել իրար և որոշ եզրակացության հասնել։

Ծերունի ընկերոջս անունը իսկույն «պապաշա» դրին։ Անողը Ջավադն էր։ Համարձակորեն շատ շուտով մտերմացավ նրա հետ․ միասին խմեցին, իրար ծիծաղելի պատմություններ արին

Ու խմում էին։ Հարբել էին շատերը․ իսկ մի ինչ-որ գլուխը կախ և քիթը միշտ կարմիր պարոն էլ,— պարոն ասացի, որովհետև ճգնում էր նա այդպես ցույց տալ իրեն—անընդհատ գինի էր խմում, շշեր դատարկում։

Երեցփոխը միայն նստած մնաց ինձ մոտ. մյուսները հեռացան և խմբեր կազմեցին։